Մատչելիության հղումներ

Վիրավորված երիտասարդների հարազատները հերքում են, թե պատահարը առնչություն ունի ընտրությունների հետ


Սեպտեմբերի լույս 8-ի գիշերը հրազենային վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Միսակ Միրիջանյանի եւ Հարություն Գասպարյանի հարազատները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր կրտրականապես հերքեցին, թե միջադեպը որեւէ առնչություն ունի անցած կիրակի կայացած Արաբկիր համայնքի ղեկավարի ընտությունների հետ:

«Հայկական ժամանակ» օրաթերթը, մինչդեռ, այսօր գրում է, թե միջադեպը շարունակությունն է եղել ընտրատեղամասերից մեկում բռնկված վեճի:

Ոստիկանության հասարակության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ տուժած երիտասարդները իրենց ցուցմունքներում նշել են, թե զբոսնելիս են եղել Աղի հանքի մոտակայքում եւ ուրիշ ոչինչ չեն հիշում:

Երիտասարդներից մեկը` Միսակ Միրիջանյանը Երեւանի բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի դեկան Մուշեղ Միրիջանյանի որդին է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` «դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու», «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելու» հոդվածների հատկանիշներով: Նախաքննությունը վարում է ոստիկանության Երեւանի Մալաթիայի քննչական բաժինը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ առավել ծանր է Միսակ Միրիջանյանի վիճակը, որը հրազենային վնասվածք է ստացել ողնաշարի մասում` գոտկատեղի 2-րդ ողի մակարդակով: Փամփուշտը հեռացվել է, եւ, ըստ բժիշկների, Միսակը առայժմ վերակենդանացման բաժնում է:

Հարություն Գասպարյանը, ըստ բժիշկների, գնդակի թափանց վերք էր ստացել ազդրի մասում եւ այժմ գտնվում է ընդհանուր վիրաժուբուժության բաժնում եւ մի քանի օրից դուրս է գրվելու հիվանդանոցից:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG