Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը դրական քայլեր է ակնկալում Թուրքիայից


Հայաստանն ու Թուրքիան, իբրեւ հարեւան պետություններ, փոխհարաբերությունների բնականոնացման ուղղությամբ ջանքեր պետք է գործադրեն, սակայն բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն։ Այսպիսին է Հայ հեղափոխական դաշնակցության սկզբունքային դիրքորոշումը, որը կուսակցության Բյուրոն անհրաժեշտ է համարել հանրությանը ներկայացնել սեպտեմբերի 9-10-ը Երեւանում կայացած արտահերթ լիագումար նիստից հետո:

«Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել», - ընդգծում է Դաշնակցությունը:

Կուսակցությունը համոզված է, որ «Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությանը, դրան հետեւած նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումներին պետք է հաջորդեն Թուրքիայի կողմից որոշակի դրական քայլեր»։

Դաշնակցության համար «բացարձակապես անընդունելի է հայ - թուրքական հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան ու կենսունակ լինելիության եւ սերունդների՝ ազգային-պետական իրավունքների հաշվին»։

«Թուրքիան կարող է հավակնել տարածաշրջանային նախաձեռնությունների, եթե արմատական փոփոխության ենթարկի իր «հայկական քաղաքականությունը»։ Վերջինս Արցախի հիմնախնդրում չպետք է կողմ լինի, չպետք է Հայաստանի հետ խոսի նախապայմաններով եւ Հարավային Կովկասում պետք է հրաժարվի բաժանարար գծերի խորացման, շրջափակման եւ մեկուսացման քաղաքականությունից», - ասված է Դաշնակցության մամլո դիվանի հաղորդագրությունում:

«1998-ից ի վեր Հայաստանը իրականացնում է ազգային-պետական գաղափարախոսության հենքով արտաքին քաղաքականություն, որի ռազմավարական ուղղություններից մեկը Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես` Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է։ Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում», - ընդգծում է Դաշնակցությունը իր հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG