Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Գալիս եմ փող աշխատելու» վերնագրված խմբագրականում գրում է. - «Այժմ արդեն վերջնականապես պարզ դարձավ, որ թաղապետը Հայաստանում կարեւոր պաշտոն է: Այնքան կարեւոր, որ դրա համար արժե արյուն թափել` ոչ թե սեփականը, բնականաբար, այլ` ուրիշինը: Հակառակ դեպքում անհասկանալի կլիներ, թե ինչու բավականին դրական իմիջ ունեցող եւ մինչեւ վերջին ժամանակներս որեւէ ակնհայտ «օլիգարխական» դրսեւորումներից զերծ մնացած գործարար Ալբերտ Երիցյանը որոշեց մտնել այդ գործընթացի մեջ` բացահայտելով, որ ինքն էլ ունի ավազակախմբեր եւ «ծեծող-ջարդող բրիգադներ», ինչպես եւ ցանկացած «իրեն հարգող» մեծահարուստ մեր երկրում: Մնում է ենթադրել, որ պարզապես պարոն Երիցյանի կարգախոսն էր փոքր-ինչ թերի. «Ես գալիս եմ աշխատելու» նախադասության մեջ բացակայում է ուղիղ խնդիր-լրացումը` «Ես գալիս եմ փող աշխատելու»:

«Ամեն մի հերթական ընտրություն պարզապես հուսահատության է մատնում մարդու. ինչո՞ւ պետք է ընտրողն ամեն անգամ իրեն ստորացած զգա, որ ինչ-որ անարժան անձինք գողացան իր ձայնը, արհամարհեցին իրեն եւ զրկեցին քաղաքացի զգալու իրավունքից», - գրում է «Հրապարակ»-ը` նշելով նաեւ. - «Նման մեթոդներով ընտրված անձինք էլ հաստատ իրենց լավ չեն զգում: Այս կեղտը չի կարող նրանց չդիպչել, անլիարժեքության, մեղքի զգացում չհաղորդել: Իրականում նրանք դառնում են իրենց իսկ լարած թակարդի զոհերը: Ասենք, ի՞նչ շահեց Արաբկիրի նորընտիր թաղապետ Ալբերտ Երիցյանը: Կայացած բիզնես, բավականին բարձր հեղինակություն ունեցող անձը, որ հաջողացրել էր այս տարիներին չվարկաբեկվել, միանգամից կորցրեց իր բարի համբավն ու հանգիստ կյանքը: Եվ ամենակարեւորը. այդ դանակահարության պատմության եւ դրա միջից որդուն չոր դուրս բերելու գնով դարձավ լիովին կառավարելի իշխանության համար»:

«Հայք»-ը բանաձեւում է. - «Եթե համապետական ընտրություններից հետո կրակում են մի ամբողջ ժողովրդի վրա, ապա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կարելի է եւ դանակով հարվածել թեկնածուներից մեկի վստահված անձին»: «Չորրորդ իշխանության» հարցարույցում Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Դավթյանն ասում է. - «Մենք ունենք մի քանի նոր տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ: Ընտրական գործընթացները շարունակական բարելավվող գործողություններ են: Մեկ զարկով, մեկ ակնթարթով չէ, որ ամենի ինչ պիտի իդեալական վիճակի բերվի»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը որոշել է չմասնակցել ԵԽԽՎ-ի նիստերին, «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում պարզաբանում է. - «Ես պատրաստ եմ մասնակցել, սակայն որպես մի այնպիսի երկրի ներկայացուցիչ, որը ոչ միայն գիտակցում է իր ազգային շահը եւ հարեւանների հետ է լուծումներ փնտրում, այլեւ ապահովում է ժողովրդավարության այն շեմը, որ անհրաժեշտ է ոչ թե Եվրոպային, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Աբդուլա Գյուլի այցելությունը շատ լավ առիթ է, որպեսզի այդ վեհանձնությունը, այդ նոր շունչը, փոխադարձ հարգանքը դրսեւորվի նաեւ Հայաստան պետության ներսում՝ մեր քաղաքացիների նկատմամբ»։

Ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, «Ժամանակ Երեւան» թերթի հարցազրույցում անդրադառնալով Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցին, ասում է. - «Սերժ Սարգսյանը, ունենալով երկրի ներսում ներքին լարվածություն, անվստահություն, լեգիտիմության պակաս, հաղթանակներ է փնտրում դրսում»:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` ԱՄՆ-ի քաղաքացի Մելիսա Բրաունը, «Առավոտ»-ում ասում է, թե «այն, որ դատավորը կարող է թույլտվություն տալ ոչ թե իր ամուսնու, այլ հենց իր, իր անունով գրանցված հեռախոսը գաղտնալսել, հետո իր անձնական կյանքի մասին գրել, ցույց է տալիս, թե իշխանություններն ինչ մեթոդներով են աշխատում»: «Ի՞նչ արդարադատության մասին է խոսքը: Սա ուղղակի շոու է», - վրդովվում է Մելիսա Բրաունը` այդ մեթոդները որակելով «կագեբեական եւ ստալինյան»:

«Հայկական ժամանակ»-ում ընդգծված է. - «Չնայած այն բանին, որ Ազգային ժողովի դեռեւս նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարել է, որ ինքը հրաժարական չի տալու, քանի որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը «խանութպանի պաշտոն չէ, որ երբ ինչ ուզենաս, անես», ՀՀԿ-ի գործկոմը որոշեց Տիգրան Թորոսյանի պաշտոնավարությունը համարել աննպատակահարմար»:

«Հայոց Աշխարհ»-ի հարցին` ի՞նչ եք կարծում, Տիգրան Թորոսյանը կենթարկվի կանոնադրությանը, Հանրապետականի խորհրդարական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը պատասխանում է. - «Կուսակցության համար կարեւորագույն հանգամանքը ներկուսակցական կարգապահությունն է: Ցանկացած կուսակցական, եթե չի ենթարկվում կուսակցության կարգապահական պահանջներին, ապա պետք է պատրաստ լինի կրելու այն պատժամիջոցները, որոնք կանոնադրությունը նախատեսել է»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG