Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ը եւ «Հայաստանի Հանրապետություն»-ը հրապարակել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի` «Արմենպրես» գործակալությանը տված պարզաբանումները: Անդրադառնալով Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու վերաբերյալ փետրվարի 19-ին դատարանի կայացրած որոշմանը` Գորիկ Հակոբյանը ասել է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա մերձավոր շրջապատի կողմից մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ անհարկի շահարկումները ԱԱԾ-ի կամ դատարանի կողմից հակաօրինական գործունեություն ծավալելու մասին որեւէ հիմք չունի։ Ընդհակառակը, հենց սույն որոշման հիման վրա եւ մի շարք այլ օպերատիվ միջոցառումների իրականացման շնորհիվ հանրությանը հայտնի դարձավ հանրապետության ներքաղաքական իրավիճակը դեպի ապակայունացում տանող ուժերի մի շարք պլանավորվող հակաիրավական գործողությունների մասին»։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարզաբանումները բնորոշելով իբրեւ «ինքնախոստովանական ցուցմունքներ»` «Հայկական ժամանակ»-ը նշում է. - «Ամենաարտառոց ինքնախոստովանությունը Հակոբյանը կատարել է վերջում` հայտարարելով, որ իրենց ծառայությունը որոշում է կայացրել փետրվարի 19-ից վերահսկել Համաժողովրդական շարժումը: Պաշտոնեական լիազորությունները չգերազանցելու եւ հանցագործության մեջ չմեղադրվելու համար` Գորիկ Հակոբյանին անհրաժեշտ է մատնացույց անել ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքով իրենց ծառայությանը տրված այն լիազորությունը, որի հիման վրա իրենք փորձել են վերահսկել կոնկրետ քաղաքական ուժի: «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքով ԱԱԾ-ին տրված լիազորությունների մեջ ոչինչ ասված չէ քաղաքական ուժերի գործունեությունը վերահսկելու լիազորության մասին: Այսինքն` ԱԱԾ տնօրենը, ինքն էլ չգիտակցելով, խոստովանել է, որ իրենց ծառայությունն առնվազն փետրվարի 19-ից անօրինական գործունեություն է ծավալում»:

«Գորիկ Հակոբյանի պարզաբանումները ծիծաղաշարժ են», - մեկնաբանում է «Չորրորդ իշխանությունը»-ը: - «Եթե Ազգային անվտանգության ծառայությունը արդեն փետրվարի 19-ին որոշել էր կանխել ընդդիմության հակաիրավական ակցիաները, նշանակում է առնվազն արդեն փետրվարի 19-ի ցերեկը ԱԱԾ-ն արդեն գիտեր, թե ինչ թվեր է ներկայացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»:

«Գերխնդիրը մնում է լեգիտիմ իշխանությունը», - ասել է «Քաղաքական վերլուծությունների ակումբ» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում: «Իշխանությունն այժմ կանգնած է լուրջ հարցականների առջեւ` ինչպե՞ս կողմնորոշվել, դեպի ո՞ւր գնալ, հնարավոր քայլերն ինչպե՞ս կանդրադառնան հասարակական կարծիքի վրա, ընկալելի եւ ընդունելի կլինե՞ն: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարիք կա արմատական քայլերի արտաքին քաղաքականության մեջ: Առավել քան վստահ եմ, որ դրանք կլինեն, եւ իշխանությունը պետք է պարզ գիտակցի, որ արմատական քայլեր կարելի է անել միայն այն դեպքում, երբ ունես բացարձակ լեգիտիմություն եւ ժողովրդի համեմատաբար մեծ վստահության քվե», - հայտարարել է քաղաքական գործիչը:



Անդրադառնալով Դաշնակցության ղեկավար անդամներ Արմեն Ռուստամյանի եւ Կիրո Մանոյանի երեկվա ասուլիսներին, որոնց թեման առաջիկա ֆուտբոլային խաղն ու Թուրքիայի նախագահի այցն էր Հայաստան` «Հրապարակ»-ը գրում է. - «Մեր զառամյալ կուսակցությունն իրար է անցել: Պարարտ հող է առաջացել մի կողմից` կուսակցական հայրենասիրություն, մյուս կողմից` քաղաքական ակտիվություն դրսեւորելու համար: Չէ՞ որ կոալիցիային անդամակցությունը ՀՅԴ-ին մղել է պարտադրված պասսիվության, ինչից կուսակցության շարքերը դժգոհ են: Հանրապետականներին միշտ վերեւից նայող դաշնակցականները դժվար են հաշտվում ՀՀԿ-ի կցորդի իրենց կարգավիճակին եւ բաց չեն թողնի առիթը իրենց ինքնուրույնությունը ցուցադրելու համար: Այժմ եկել է այդ պահը»:

ՀՅԴ-ի պաշտոնաթերթ «Երկիր»-ը խմբագրականում ընդգծում է. - «Անհասկանալի հրճվանքի մի ալիք է պարուրել մեր իշխանություններին: Շատերին թվում է, թե Թուրքիայի նախա•ահի այցից հետո մեր երկիրը հաջորդ իսկ առավոտյան արթնանալու է ավելի անվտան•, ապահով ու բար•ավաճ: Նրանց լիակատար էյֆորիային կարծես թե խան•արում է միայն մեկ ուժ` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որը պատրաստվում է առիթն օ•տա•ործել եւ արդար պահանջատիրության ու բողոքի մի քանի ցուցապաստառներ պարզել մարզադաշտում կամ Թուրքիայի նախա•ահի անցնելիք ճանապարհին: Այս ակցիաները ավելի շատ բարոյական շեշտ են կրում, քան քաղաքական: Սակայն հեռուստատեսությունն ու մամուլը ափիբերան փորձում են ՀՅԴ այս մտադրությունը ներկայացնել որպես չափից ավելի քաղաքականացում, չափից ավելի անբարեկիրթ, անքաղաքավարի եւ ան•ամ անքաղաքակիրթ»:

«Հայք» թերթի դիտարկմամբ, ուշագրավն այն է, որ «Գյուլը Հայաստան է ժամանում Սերժ Սարգսյանի հրավերով, իսկ Գյուլի այցի դեմ բողոքի ակցիաներ պատրաստվում է իրականացնել Հայասաստանի իշխող կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունը». - «Այսինքն ստացվում է, որ Դաշնակցությունը տարաձայնություններ ունի իշխանության մյուս թեւի հետ, ընդ որում, այն հարցը, որի շուրջ առաջացել են այդ տարաձայնությունները, Դաշնակցության համար սկզբունքային է, բայց, չնայած այդ ամենին, իրենք շարունակում են մնալ իշխող կոալիցիայի կազմում»:

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Հայոց Աշխարհ»-ում ասում է. - «Թուրքիան դրական տեղաշարժեր է փորձում կատարել Հայաստանի հետ հարաբերություններում… Թուրքիան պետք է որոշակիորեն հրաժարվի սահմանափակումներից ու վերանայի դիրքորոշումները Հայաստանի նկատմամբ։ Սա է քաղաքակիրթ ճանապարհը, միայն այս դեպքում հայ-թուրքական հարաբերություններում եղած կնճիռները կարող են հարթվել բանակցությունների ու քննարկումների արդյունքում»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG