Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը բողոքի ակցիաները կսկսի Գյուլի ժամանման պահից


Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսօր հրապարակեց այն միջոցառումների ցանկը, որոնք կուսակցությունը նախատեսում է իրականացնել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի երեւանյան այցի ընթացքում:

Արդեն օդանավակայանում կազմակերպվելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերով բողոքի ակցիա: «Այդտեղ լինելու է բազմաթիվ, բազմահազարանոց մի զանգված», - ասաց Ռուստամյանը:

Սեպտեմբերի 6-ին Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ողջ ընթացքում երիտասարդ դաշնակցականները ջահեր են վառելու «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

Ցեղասպանությունը ճանաչելու կոչեր, ըստ Ռուստամյանի, հնչելու են նաեւ մարզադաշտում:

Արմեն Ռուստամյանը զգուշացրեց, որ նրանք, ովքեր կփորձեն դուրս գալ այս ծրագրի շրջանակներից, կգնահատվեն որպես «պրովոկատորներ», եւ վստահեցրեց, որ Դաշնակցությունն ամեն ինչ կանի` «կանխելու նման դրսեւորումները»:

Պատասխանելով հարցին, թե «չի՞ նեղանա Սերժ Սարգսյանը Դաշնակցությունից` իր հյուրի հանդեպ նման պահվածքի համար», Դաշնակցության ղեկավար անդամը նախ փոխանցեց, որ իրենց եւ իշխանությունների միջեւ այս հարցով «գնալով ավելի ու ավելի մեծ փոխըմբռնում կա», եւ վստահեցրեց, որ «ակցիաները չեն անցնելու անվտանգության տեսանկյունից թույլատրելի սահմանները»:

«Այս չափով, այն ձեւով, որ ես ներկայացրեցի, այդտեղ որեւէ հակադրություն գոյություն չունի», - շարունակեց նա: - «Հակառակը` կա ամբողջական հասկացողություն այս հարցի հետ կապված նախագահի հետ: Եվ այս հարցը, բնականաբար, քննարկվել է, մենք չէինք կարող սա մեկուսացված, առանձնաբար անել, որովհետեւ այդպես չէր էլ ստացվի»:

Ռուստամյանի համոզմամբ, եթե Դաշնակցությունը չկազմակերպեր նման ակցիաներ, դա կարող էր օգտագործվել Թուրքիայի հակաքարոզչության կողմից` «ապացուցելու համար, որ Հայաստանում բոլորովին էլ շահագրգռված չեն Ցեղասպանության խնդրի արծարծմամբ»: Մինչդեռ, «հարյուրից ավելի արտասահմանյան եւ թուրքական լրատվամիջոցների ներկայությամբ նման ակցիան լավ առիթ է եւս մեկ անգամ բարձրացնելու համար»:

Արմեն Ռուստամյանը նաեւ իր զարմանքը հնչեցրեց Թուրքիայի նախագահի այցի շուրջ ստեղծված «աժիոտաժի» կապակցությամբ` ասելով. - «Այսօր այնպիսի մի անհասկանալի, կենցաղային մակարդակի ոգեւորություն է այս ամենի հետ կապված, կարծես ինչ-որ մեր կորած եղբորն ենք դիմավորում»:

Նա իր տարակուսանքը հայտնեց նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) տարբերանշանը փոխելու որոշման կապակցությամբ. անհասկանալի պատճառներով ֆեդերացիան շտապ փոփոխել է լոգոն` նախկինում պատկերված Արարատ լեռան փոխարեն պատկերելով Հայաստանի զինանշանը, որի մեջտեղում ֆուտբոլի գնդակ է:

Դա, ըստ Ռուստամյանի, «զինանշանի աղավաղում է», եւ եթե նման քայլի ՀՖՖ-ն դիմել է թուրքական կողմի ճնշման ներքո, ապա դա «ամոթալի» երեւույթ է:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG