Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը վաղը կմեկնի Մոսկվա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 5-ին կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանին, որի ընթացքում Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները նեղ շրջանակով հանդիպման ընթացքում մտքեր կփոխանակեն ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման միտումների եւ հավաքական անվտանգության նկատմամբ առաջացած մարտահրավերների ու վտանգների չեզոքացման միջոցների մասին, ինչպես նաեւ կանդրադառնան ՀԱՊԿ-ի խորհրդի նախորդ նստաշրջանների որոշումների կատարման ընթացքին:

Լիագումար նիստի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ-ի գործունեության առաջնային ուղղությունները, կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք կընդլայնեն քաղաքական եւ ռազմական ոլորտում կազմակերպության անդամ պետությունների գործակցության նորմատիվային-իրավական բազան:

Նույն օրը ուշ երեկոյան Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG