Մատչելիության հղումներ

«Օգնենք երեխաներին ապրել ընտանիքում»


«Այս ծրագրի նպատակը շատ պարզ է` աջակցել Հայաստանում անապահով ընտանքիներին եւ կանխել երեխաներին մանկատան խնամքին հանձնելը»,- նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Շելդոն Յեթը:

«Ընտանիքը երեխաների պաշտպանության առաջին եւ հիմնական օղակն է: Սա է այն հիմնական ուղերձը, որը մենք ցանկանում ենք հաղորդել այս քարոզարշավի ընթացքում: Ծնողական խնամքից զրկված երեխաները բռնության, չարաշահման, թրաֆիքինգի եւ խտրականության ավելի մեծ ռիսկի են ենթարկված, քան ընտանիքում ապրող երեխաները», - հավելեց նա:

«Հայաստանի մանկատներում ապրող 1300 երեխաների շուրջ 80 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող: Մանկատներում ապրող երեխաներից շատերը սոցիալական որբեր են, որոնք հայտնվել են այնտեղ իրենց ընտանքիներում առկա ծանր սոցիալական պայմանների հետեւանքով: Մենք պետք է աջակցություն ցուցաբերենք այդ ընտանքիներին, որպեսզի ծնողները կարողանան խնամել իրենց երեխաներին տանը` ընտանիքում», - ասաց Յեթը:

Այս ծրագրի շրջանակներում ստեղծվել է դրամական նվիրատվությունների համար հատուկ հիմնադրամ, որի միջոցները կօգտագործվեն անապահով ընտանիքների աջակցությանն ուղղված ծրագրերում:

«Ի դեպ, առաջիկա երկու շաբաթների ընթացքում հեռուստաէկրաններին կհայտնվի մի նոր տեսահոլովակ նվիրված «Օգնենք երեխաներին ապրել ընտանիքում» ծրագրին: Այս հոլովակով եւս փորձելու ենք ազդել այն ծնողների վրա, ովքեր իրենց երեխաներին տանում են մանկատներ», - եզրափակեց Շելդոն Յեթը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG