Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը ընդունել է Թուրքիայի նախագահի հատուկ բանագնացին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` քննարկվել են Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք խաղի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Երեւան այցի մանրամասները:

Էդվարդ Նալբանդյանը եւ Ունալ Չեւիքյոզը քննարկել են նաեւ Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Նախարարը նշել է, որ Հայաստանը միշտ ողջունել եւ ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, անվտանգության եւ համագործակցության խորացմանն ուղղված բոլոր ջանքերը, եւ այդ նպատակի համար առաջարկվող Կովկասում կայունության եւ անվտանգության պլատֆորմի գաղափարը կարող է ողջունելի լինել: Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակաբար հանդես է եկել տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարիդրացիական կապեր հաստատելու եւ Կովկասում տեւական համերաշխություն հաստատելու տեսանկյունից:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ մի շարք միջազգային, տարածաշրջանային եւ երկկողմ հարցերի շուրջ:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG