Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյան. «Վրաստանի միասնական ապագայի կերտումն այսօր կարող է սկսվել Ջավախքում»


Հայ Հեղափոխական դաշնակցության արտոնված հանրահավաքը Մատենադարանի մոտ թեեւ նվիրված էր Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 17-րդ տարեդարձին, այդուհանդերձ ՀՅԴ բյուրոյի անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի ելույթը գրեթե ամբողջությամբ նվիրված էր Ջավախքի հիմնախնդրին, եւ Ջավախքում, նրա խոսքով, կարող է սկսվել «Վրաստանի միասնական ապագայի կերտումը»:

«Հավանաբար, Վրաստանի իշխողները պետք է հասկանային, որ Վրաստանի ծաղկման, զարգացման, բարգավաճման եւ կարգապահ, ստաբիլ, կայուն պետություն լինելու գրավականը, դա կոնֆեդերատիվ Վրաստանն է, եւ, իհարկե, այդ դեպքում Ջավախքի իրավունքները պաշտպանված կլինեին», - իր ելույթում ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, եթե Ջավախքը ինքնավարություն ստանա Վրաստանի կազմում, ապա «նրանից սարսափած, նրանցից պոկվելու ամեն տեսակի փորձ իրականացնող ժողովուրդներն անգամ միգուցե սկսեն մտածել կոնֆեդերատիվ, ընդհանուր Վրաստանում նոր բարգավաճում գտնելու ճանապարհի մասին»:

«Եվ ես հուսով, որ մեզ համար բարեկամ վրացի ժողովուրդը չի թույլ տա, որ իշխանությունները նորից սայթաքեն ու նորից սխալի ու հանցանքի գնան», - եզրափակեց նա: - «Որովհետեւ մենք Ջավախքի հետ ենք»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG