Մատչելիության հղումներ

Աշոտ Ղուլյան. «Ճիշտ կլինի, որ Մինսկի խումբը շարունակի իր գործունեությունը»


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով, թեեւ «տեսականորեն հնարավոր է», որ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ազդեցություն ունենան Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վրա, «ճիշտ կլինի, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում»:

«Տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է, որովհետեւ իսկապես նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարող են վրաստանյան իրադարձությունները, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից ազդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահը` շարունակելով. - «Բայց, ես կարծում եմ, որ ամեն դեպքում, միջնորդական առաքելությունը, որ այսօր իրականացվում Մինսկի խմբի շրջանակներում` իր ունեցած ավանդույթների եւ կուտակած փորձի պայմաններում, ճիշտ կլինի, որ շարունակի իր գործունեությունը»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հայաստանյան որոշ քաղաքագետներ եւ քաղաքական գործիչները վերջերս բարձրացնում են Ադրբեջանի հետ ռազմական գործողություններ չվերսկսկելու վերաբերյալ նոր պայմանագիր կնքելու առաջարկը, եւ հարցին, թե որեւէ քայլ այդ ուղղությամբ պաշտոնական Ստեփանակերտը ձեռնարկո՞ւմ է, Ղուլյանը արձագանքեց. - «Ամեն դեպքում, դա միշտ էլ հրատապ է եղել տարածաշրջանում այսօր ստեղծված իրավիճակի խորապատկերի վրա, եւ երեւի այսօր չէ, որ ղարաբաղյան կողմից եւ մեր հայկական կողմից այդ հարցի անհրաժեշտությունը բարձրացվում է, որովետեւ, ճիշտ է, 94 թվականի զինադադարի պայմանագիրը ուժի մեջ է... բայց, այնուամենայնիվ, բանակցային գործընթացի նորմալ ընթացքի համար երեւի ճիշտ կլինի, որ կողմերը հանդես գան վճռականությամբ` նաեւ այս կացության մեջ խաղաղ պայմաններում խնդիրը կարգավորելու համար»:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր, պատասխանելով հարցին, թե կարող է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից ազդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, պատասխանել է. - «Կարծեք թե, մի կողմից, այս սառեցված հակամարտությունները մեկը մյուսի հետեւից լուծվում են` Կոսովո, Հարավային Օսեթիա, Աբխազիա, բայց, մյուս կողմից, այդ լուծումը չի նշանակում, որ հեշտանում է մնացյալ սառեցված հակամարտությունների լուծումը: Չեմ բացառում, որ այդ նախադեպերը գուցեեւ ավելի բարդացնեն մնացյալ սառեցված հակամարտությունների կարգավորումը: Ես նկատի ունեմ Ղարաբաղը, Մերձդնեստրը եւ այլն, եւ այլն»:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարում` ԼԵռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG