Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը «հակահայկական» է որակում Թուրքիայի քաղաքականությունը, պատրաստվում է բողոքել


«Ֆուտբոլը ??Գյուլի հրավերով քաղաքականացվեց», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցության ղեկավար անդամ Հրայր Կարապետյանը` մեկնաբանելով. - «Դաշնակցությունը համարում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հնարավոր այցը զուտ քաղաքական առիթ է մեկ անգամ եւս ընդվզման ձայն բարձրացնելու»:

Հրայր Կարապետյանի կարծիքով, անկախ կոալիցիայում լինել-չլինելուց, ՀՅԴ-ն միշտ հավատարիմ է մնալու ազգային գաղափարախոսության իր հռչական դրույթներին ու սկզբունքներին: Կարապետյանը նշում է, որ Դաշնակցությունը Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը համարում է հակահայկական, հետեւաբար, կուսակցությունը իր պարտքն է համարում Գյուլի այցելության ժամանակ, համայն աշխարհի աչքի առաջ, բարձացնել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական խնդիրները:

Սերժ Սարգսյանը թուրքական «Ռադիկալ» թերթին երեկ տված հարցազրույցում, անդրադառնալով Դաշնակցության կողմից իրականացվելիք ակցիաներին նշել էր, թե «ոչ քաղաքակիրթ վերաբերմունք ցուցաբերողները Գյուլից առաջ դա արած կլինեն հենց իմ դեմ, որովհետեւ ես եմ հրավիրողը»: Այս տեղեկությանն ի պատասխան Հրայր Կարապետյանը նշել է, որ իրենք մտադիր չեն «մարդ սպանել, գլուխ ջարդել եւ տարբեր վայրենություններ անել»:

Դաշնակցության ղեկավար մարմինների ներկայացուցիչները մի շարք առիթներով հայտարարել են, որ կուսակցությունը պատրաստվում է բողոքի ակցիաներ իրականացնել` եթե Թուրքիայի նախագահը ընդունի Սերժ Սարգսյանի հրավերը եւ գա Երեւան սեպտեմբերի 6-ին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը դիտելու:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG