Մատչելիության հղումներ

Թոմաս դե Վաալ. «Մոսկվայի որոշումը էականորեն կդժվարեցնի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքը»


Կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ, Ղարաբաղյան պատերազմին նվիրված «Սեւ այգի» գրքի հեղինակ Թոմաս դը Վաալի կարծիքով, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից «էականորեն կդժվարեցնի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքը»:

«Արդեն 15 տարի` առանց էական արդյունքների շարունակվող բանակցություններում նոր բարդություններ են ի հայտ եկել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Թոմաս դը Վաալը: - «Պաշտոնական Մոսկվայի վերջին որոշումը էականորեն կդժվարեցնի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքը»:

«Պատճառն այն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանել է դե Վաալը, - «որ խմբի երեք միջնորդներից երկուսը Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն են: Վերջիններիս մինչ այժմ հաջողում էին բավական լավ համագործակցել Մինսկի խմբում, բայց այժմ, կարծում եմ, Կովկասի շուրջ Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունները վատացել են, եւ նրանց համար դժվար կլինի այլեւս նախկինի նման իրար վստահել»:

Փորձագետի համոզմամբ, վերջին իրադարձությունները կստիպեն պաշտոնական Բաքվին վերանայել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ` ժամանակ առ ժամանակ հնչող հայտարարությունները. - «Կարծում եմ` սա գործնականում նրանց ցույց կտա, թե որքան վտանգավոր կարող է լինել Կովկասում պատերազմի սանձազերծումը եւ ինչ վնասների կարող է դա հանգեցնել: Կարծում եմ, սա սթափեցնող դաս կարող է լինել Ադրբեջանի համար»:

Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո Արեւմուտքից առավել հաճախակի են հնչում մտահոգություններ, որ Մոսկվան կարող է կրկնել այդ նախադեպը:

«Հաջորդը կարող են լինել Մոլդովան եւ Ուկրաինան», - երեկ մտավախություն էր հայտնել Եվրամիությունում նախագահող երկրի` Ֆրանսիայի արտգործնախարարը եւ ընդգծել. - «Սա շատ վտանգավոր գործընթաց է»:

Ավելի ուշ պաշտոնական Մոսկվան արձագանքեց այս մտահոգություններին. արտգործնախարար Սերգեյ Lավրովը, մասնավորապես, հեռակա պատասխանելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբանդի հայտարարությանը, թե «անհրաժեշտ է վերջ դնել Ռուսաստանի կայսերական նկրտումներին եւ հասնել նախկին Խորհրդային միության տարածքում առկա սառեցված հակամարտությունների` Մերձդնեստրի ու Lեռնային Ղարաբաղի, կարգավորմանը», ասել է. - «Պարոն Միլիբենդը կարող է այս առումով չանհանգստանալ. ո’չ Մերձդնեստրում, ո’չ էլ Lեռնային Ղարաբաղում Սահակաշվիլին գործող անձ չի հանդիսանում, այնտեղ չկան սեփական պետությունը կազմաքանդող, հակամարտությունը բռնի ուժով կարգավորել ցանկացող ցնորված առաջնորդներ»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG