Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ին տված հարցազրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով այն լուրին, թե ինքը եւ ԵԿՄ-ին իրենց անդամությունը փետրվարի 24-ին դադարեցրած մյուս 14 գեներալներն ու գնդապետները իրենց հայտարարությունից հետո ԵԿՄ վարչության նիստի որոշմամբ հեռացվել են կազմակերպությունից, ասել է. - «Եղել է ոչ թե ԵԿՄ վարչության որոշում, այլ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կարգադրությունը: Սակայն կանոնադրության համաձայն, ԵԿՄ վարչության անդամներ ընտրելու եւ նրանց հեռացնելու բացառիկ իրավունքը վերապահված է միայն համագումարին»:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի տարածած հայտարարությանը, «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Անկեղծորեն կուզենայինք հավատալ, որ, ինչպես ասվում է հայտարարության մեջ` «Երկրապահը ժողովրդինն է եւ միշտ կանգնած է ժողովրդի կողքին»: Ավաղ, փաստերը այլ բան են ասում: Համենայն դեպս վերջին տարիների անցուդարձը, մասնավորապես նախագահական ընտրությունների, առավել եւս` հետընտրական զարգացումների ուսանելի փորձը աչքի առաջ ունենալով, դժվար է հալած յուղի տեղ ընդունել Մանվել Գրիգորյանի հայտարարությունները, թե Երկրապահը մինչեւ այսօր չի տրվել քաղաքական ոչ մի խարդավանքի»:

«Հրապարակ»-ի խմբագրականում նշված է. - «Սա ի՞նչ պետություն է, որը հացի կամ վառելիքի ընդամենը 1-2 շաբաթվա պաշար ունի: Ինչո՞վ են զբաղված մեր պետական այրերը, եթե մի քանի շաբաթ Փոթիից բեռների չգալը մեր երկրում կարող է կաթվածահար անել ողջ տնտեսությունը, կանգնեցնել կյանքը, մարդկանց մատնել խուճապի: Եվ վերջապես, սա ի՞նչ երկիր է, որը կարող է այդքան կախված լինել անմիջական հարեւանի ընձեռած ճանապարհներից, բայց, միեւնույն ժամանակ, կարող է հենց այդ հարեւանի վրա հոխորտալ եւ մատ թափ տալ, նրա թշնամու հետ սիրախաղի մեջ մտնել: Մի՞թե այս պարագայում կարելի է ասել, որ այս երկիրն ու այն կառավարողները դիվանագիտական մտածողության նշույլ անգամ ունեն»:

«Շարունակվող ու հասունացող ճգնաժամ» վերնագրի ներքո «168 ժամ»-ի առաջին էջում ընդգծված է. - «Արդեն մեկ շաբաթից ավելի Հայաստանում բենզինի բացակայության արդյունքում ստեղծված ճգնաժամը, չնայած իշխանությունների` վիճակի բարելավման վերաբերյալ հավաստիացումներին, խորանում է: Ինչպես նախորդ օրերին, երեկ եւս մայրաքաղաքի դեռեւս գործող բենզալցակայանների առաջ տասնյակ մեքենաների հերթեր էին գոյանում, իսկ մեկ լիտր բենզինի ստվերային գինը հասել էր մինչեւ 1200 դրամի»: Նշելով, թե պաշտոնական տեղեկատվության համաձայն, քանի վագոն բենզին է գալիս Հայաստան, թերթը շարունակում է. - «Ակնհայտորեն դա չի բավարարելու պահանջարկը: Այսինքն` վառելիքի ճգնաժամի հաղթահարման տեսանելի հեռանկար դեռեւս չի երեւում: Բացառված չէ, որ առաջիկայում նման իրավիճակ առաջանա նաեւ հացահատիկի ներկրման հետ կապված: Համենայն դեպս, վերջին օրերին բազմաթիվ հացի գործարաններում եւ արտադրամասերում սկսել են աշխատել տնտեսման ռեժիմով: Որոշ դեպքերում սովորական ալյուրին սկսեն են խառնել ցածորակ սեւ ալյուր»:

Նույն թերթի տնտեսական մեկնաբանը նշում է. - «Հայտարարվում է, որ ներմուծվում է ավելի շատ բենզին, քան միջին օրական սպառումն է: Այդ դեպքում առկա ճգնաժամը ապացուցում է, որ ոլորտը խիստ ստվերային է, եւ իրական սպառման ցուցանիշներին իշխանությունները կամ չեն տիրապետում, կամ ձեւացնում են, թե չեն տիրապետում»:

«Հայկական ժամանակ»-ի կարծիքով եւս, «բենզինի ճգնաժամն ապացուցեց այն պնդումը, որ Հայաստան ներկրվող բենզինի մեծ մասը` մոտ 60 տոկոսը ստվերային է, չի արձանագրվում սահմանի վրա, եւ, բնականաբար, չի հարկվում»:

«Ժամանակ Երեւան»-ն արձանագրում է. - «Մարտի 1-ին զոհվածների հարազատներին մինչեւ օրս իշխանության որեւէ ներկայացուցիչ չի այցելել: Զոհերի հարազատների գոյության մասին մոռացել է նաեւ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը… Չնայած իշխանությունները կաշվից դուրս են գալիս մարտի 1-ի իրադարձությունների մասին ճշմարտությունը կոծկելու համար, գործը արագ տեմպերով բացահայտվում է, եւ իրադարձությունների պաշտոնական վարկածները կարող են վստահություն ներշնչել միայն միամիտներին: Մարտի 1-ին վիրավորված եւ ապրիլի 11-ին մահացած Սամվել Հարությունյանի ծնողները «Ա1+»-ին են ներկայացրել այնպիսի փաստեր, որոնք ապացուցում են, որ իրենց որդին վիրավորվել է ոչ թե մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, այլ ձերբակալվելուց հետո»:

Նույն թերթի հարցազրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե մի քանի օրից կլրանա մարտի 1-ի իրադարձությունների 6 ամիսը, այդ ժամանակաշրջանը ինչպե՞ս կգնահատեք, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ասում է. - «Ես չեմ կարող փաստել, որ մենք մարտի 1-ի սինդրոմը հաղթահարել ենք: Իսկ առանց դրա մեր երկրում նորմալ զարգացում չենք ունենա: Մեկ բան միանշանակ է, որ մարտի 1-ի սինդրոմը հաղթահարելու հետ կապված արդյունավետ քայլեր չեմ տեսել»:

Հայ Ազգային կոնգրեսի ձեւավորման մասին «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ընդդիմության համախմբումը եւ կեղծ, իմիտացիոն ընդդիմությունից սահմանազատումը, իհարկե, դրական երեւույթ է, բայց այդ գործընթացները, այնուամենայնիվ, պետք է ունենան ինչ-որ գաղափարական արժեքային ուրվագիծ: Սկզբունքորեն հնարավոր է միեւնույն «բոխչայում» հավաքել ազգայնականների, կոմունիստների եւ ազատականների կողմնակիցներին, տուրք տալ ազգային եւ սոցիալական պոպուլիզմին` հիմք ընդունելով միայն մեկ միավորող գործոն` դժգոհությունները ներկայիս իշխանություններից: Սակայն դա երկար տեւել չի կարող… Եթե մոտակա ամիսներին իշխանափոխություն տեղի չունենա, այդ բոլոր խմբերը կցրվեն տարբեր կողմեր, որովհետեւ իշխանափոխությամբ նրանք լուծում են սեփական` իրարից տարբերվող նպատակները, որոնք, ի դեպ, սահմանադրական կարգի հետ առանձնապես առնչություն չունեն»:

«Մինչ աշխարհը քննարկում, վերլուծում է մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ գերադասում են պլակատների խաղով զբաղվել, բայց` ոչ թե անձամբ, այլ ուրիշներին այդ խաղին խառնելով: Իսկ իրենք զբաղվում են բերքահավաքով», - գրում է «Հայաստանի Հանրապետություն»-ը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG