Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձներ է հղել Աբխազային եւ Հարավային Օսիայի նախագահներին


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նախագահներին` Ռուսաստանի կողմից այդ հանրապետությունների անկախության ճանաչման կապակցությամբ:

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանությունների անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Աբխազիայի ողջ ժողովրդին` նշանակալի իրադարձության` Աբխազիայի Հանրապետության պետական անկախության ճանաչման առթիվ», - Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, ասված է, մասնավորապես, Սերգեյ Բագապշին հասցեագրված ուղերձում: - «Արցախի ժողովուրդը անկեղծ ուրախությամբ է ընդունել Ձեր ժողովրդի համար անչափ երկար սպասված այս լուրը: Աբխազիան հասավ նրան, ինչին ձգտել է երկար տարիներ` արժանիորեն հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ»:


«Հարավային Օսիայի ժողովրդի համար փշոտ էր անկախության ճանապարհը, լի բազում դժվարություններով եւ կորուստներով: Սակայն հանրապետությունն իր մեջ ուժ գտավ եւ պատվով հաղթահարեց դրանք», - Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիին գրել է Բակո Սահակյանը: - «Արցախն անկեղծորեն ուրախ է Հարավային անկախության ճանաչման համար: Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Հարավային Օսիայի ողջ ժողովրդին: Թող խաղաղությունը մշտապես հաստատվի Ձեր երկրում: Բարգավաճում եւ բարեկեցություն բոլորիդ»:

Երեկ ուշ երեկոյան Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը տարածել էր հետեւյալ հաղորդագրությունը. - «Լեռնային Ղարաբաղում ողջունում են Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պետական անկախության ճանաչման փաստը: Այն լիովին համապատասխանում է ազգերի ինքնորոշման եւ միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերում եւ իրավական ակտերում: Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ ուժի կիրառման սպառնալիքները, ռազմական ներուժի չափից դուրս ավելացումը եւ զենքի ուժով հարցերն իրենց օգտին լուծելու ձգտումը հղի են հումանիտար աղետներով: Լիահույս ենք, որ տարածաշրջանի խաղաղությամբ շահագրգիռ բոլոր ուժերը ճիշտ հետեւություններ կանեն վերջին ժամանակահատվածում Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձություններից եւ գործնական քայլեր կձեռնարկեն առկա հիմնախնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու եւ տարածաշրջանային կայունությունը վերականգնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG