Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով երեկ Հյուսիսային պողոտայում ոստիկանների իրականացրած գործողությանը` «168 ժամ»-ը գրում է. - «Դժվար է ասել, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում իշխանությունները սեպտեմբերի 5-ի հանրահավաքից եւ սեպտեմբերի 11-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով քննարկումներից առաջ… Միանշանակ է միայն այն, որ երեկվա գործողությունը նպաստելու է սեպտեմբերի 5-ի հանրահավաքի ավելի մարդաշատ լինելուն, եւ Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության առանց այն էլ բացասական վերաբերմունքի ավելացմանը»:

«Հայկական ժամանակ»-ի ձեւակերպմամբ` «այս ահաբեկչության պատճառը Հանրապետության հրապարակում Հայաստանի օլիմպիական հավաքականին մեծարելու նպատակով այսօր նախատեսված համերգն է». - «Հայաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ ինչպես փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանի հանրահավաքի ժամանակ, մարդիկ կարող են առիթն օգտագործել եւ ի վերջո միանալ ընդդիմության բողոքին»: «Հայոց Աշխարհ»-ը «Հյուսիսային պողոտան մաքրում են» վերնագրի ներքո արձանագրում է. - «Երեկ առավոտյան ոստիկանները եւ նրանց հետ եկած քաղաքացիական հագուստով անձինք Հյուսիսային պողոտայից հանեցին բոլոր ցուցապաստառներն ու լուսանկարները»:

«Մեր ընդդիմության չափազանց մեղմ վերաբերմունքը հարեւան երկրում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների եւ շարունակվող ներկայության հանդեպ վկայում է այն մասին, որ այսօր մեր՝ անխտիր բոլոր քաղաքական ուժերը ռուսամետ են եւ, հետեւաբար, հիմնազուրկ է պաշտոնական քարոզչության մեղադրանքն առ այն, թե Հայաստանում կա Արեւմուտքի «հինգերորդ շարասյուն», որը ցանկանում է ԱՄՆ-ի պատվերով այստեղ «գունավոր հեղափոխություն» իրականացնել», - խմբագրականում գրում է «Առավոտ»-ը:

«Հայք»-ը ներկայացնում է ՀՀՇ-ի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գուրգեն Եղիազարյանի, ՀՀՇ-ի վարչության անդամ Երջանիկ Աբգարյանի, ԵԿՄ-ի անդամ Խաչիկ Սիմոնյանի բաց նամակը` ուղղված ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Նրանք գրում են. - «Մարտի մեկից մինչեւ այսօր անցել է մոտ կես տարի: Այս ընթացքում ՀՀ «անկախ» դատարաններում բազում անմարդկային եւ ծիծաղելի վճիռներ են կայացվել… Ցավոք սրտի, եվրոպական կառույցները անուշադրության են մատնել հայաստանյան դատական խեղկատակությունները: Մեր համախոհներն ու ընկերները մինչ այսօր գտնվում են կալանավայրերում: Նրանց մեղսագրված հոդվածները անհիմն են, մտացածին եւ, ըստ էության, իշխանությունները մեր ընկերներին ուղղակի պահում են պատանդի կարգավիճակում… Պահանջում ենք պարտադրել ՀՀ իշխանություններին հնարավորինս արագ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթը լայնորեն լուսաբանել է Դիլիջանում կայացած երիտասարդական համաժողովը, որտեղ հայ-թուրքական հարաբերությունների մասին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է. - «Մենք պատրաստ ենք հենց այսօր էլ նստել բանակցությունների սեղանի շուրջ` առանց նախապայմանների, առանց որեւէ մեղադրանքների որեւէ բանի համար: Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Այսօր մեր հարաբերություններում առկա է մի իրավիճակ, որից ոչ ոք չի շահում, հակառակը` տուժում են շատերը: Վստահ եմ, որ մշտական հակառակորդներ լինելու իմաստը եւ անհրաժեշտությունը չկա»:

Տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում «Գոլոս Արմենիի»-ին նշում է. - «Հարավայի Օսիայի շուրջ իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հարավային Կովկասում հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծումը հեռանկար չունի: Եվ այս իմաստով պաշտոնական Բաքուն պետք է շնորհակալ լինի Վրաստանի ղեկավարությանը հարավօսական ավանտյուրայի համար, որը, հնարավոր է, կբացի ադրբեջանցիների աչքերը` տեսնելու համար, որ Ադրբեջանի տարածքային գոյություն չունեցող ամբողջականությունը վերականգնելու համար ուժային սցենարը խաբկանք է»:

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ի պատասխան հարցի, թե խորհրդարանը պարտա՞ստ է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում քննարկել Արցախի անկախությունը ճանաչելու հարցը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը պատասխանում է. - «Ազգային ժողովը միշտ է պատրաստ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը ճանաչելու հարցը, սակայն դարձյալ պետք է նկատի առնել պահի խնդիրը»: «Բավարար երաշխիքներ ունենալու համար նախ Հայաստանը եւ Ղարաբաղը զուգահեռաբար պետք է հայտարարեն ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու մասին: Այս քայլով Հայաստանը հնարավորություն կստանա հիմնախնդրի կարգավորման համատեքստում ձեռք բերելու նաեւ Ղարաբաղի անկախության եւ անվտանգության երաշխավորի կարգավիճակ», - ասում է Ռուստամյանը:

ՀՀՇ-ի փոխնախագահ Արամ Մանուկյանին «168 ժամ»-ը հարցնում է. - «Իսկ ինչո՞ւ եք ընդհատակից դուրս եկել, չե՞ք վախենում, որ ձեզ կձերբակալեն»: «Թող ձերբակալեն: 76-77-ի դեպքում մի հոգի ավելի կամ պակաս, նշանակություն չունի»: Մարտի 1-ի առավոտյան դեպքերի մասին էլ Մանուկյանը պատմում է. - «Դեպքերից մի քանի շաբաթ հետո որպես պաշտոնական հայտարարություն մանրամասն հրապարակել եմ, թե ինչ է տեղի ունեցել Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան: Ես եմ միացրել միկոֆոնը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսի, ես եղել եմ նրա կողքին, գրել եմ, թե ժամը քանիսին են եկել, որ ժամին են հարձակվել, ոնց են ծեծել եւ դուրս արել… Ծաղր է, որ հանձնաժողովները 6 ամիս շարունակ փորձում են գտնել, թե երբ է եղել հարձակումը, Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ժողովրդին, թե ոչ, ոստիկանությունը զգուշացրել է ժողովրդին, թե ոչ… Սա կապիկություն է»:

Արամ Մանուկյանը նաեւ կարծիք է հայտնել, թե «այսօր իշխանություններից դժգոհ մարդկանց բանակը շատ ավելի մեծ է, քան մարտի 1-ին էր». - «Ճշմարտությունն իմացողները մարտի 1-ին, 10-ին ավելի քիչ էին, քան հիմա: Սերժ Սարգսյանից դժգոհ մարդկանց քանակը մեծացել է, հատկապես, երբ օր-օրի բացահայտվում է մարտի 1-ի իրականությունը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG