Մատչելիության հղումներ

Բժշկական հետազոտությունը «լուրջ հիվանդություններ» է հայտնաբերել Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի մոտ


Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը, ովքեր կալանավորվել են հետընտրական զարգացումների կապակցությամբ, կալանավայրում ենթարկվել են բժշկական հետազոտության, որի արդյունքները վկայում են, որ երկուսն էլ լուրջ առողջական խնդիրներ ունեն:

«Հակոբ Հակոբյանին վերջին բժշկական հետազոտության ենթարկելուց հետո պարզվել է, որ երիկամի վրա առկա է գոյացություն», - երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կալանավորված պատգամավորների շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը: - «Դա, շատ հավանական է, որ լինի նրա կյանքի համար վտանգավոր»:

«Մյասնիկ Մալխասյանը դիսբակտերիոզ ունի, որը մեկուսարանային պայմաններում վտանգավոր է նաեւ իր հետ նստած կալանավորների համար», - ասաց Առուստամյանը` շարունակելով. - «Եթե իր [Մալխասյանի] մասին չի մտածում պետությունը, ապա գոնե կողքինների մասին պետք է մտածեր: Մալխասյանը տառապում է շաքարային դիաբետ, արյան ճնշում [հիվանդություններով]»:

Փաստաբանը հնչեցրեց իր պաշտպանյալների` կալանավայրից արված հայտարարությունը, որ «ազատություն մեջ լինելու դեպքում իրենք կարող են լիարժեք բուժում ստանալ», ինչից այժմ զրկված են:

Առուստամյանի միջնորդություններին նախաքննության մարմինը պատասխանել է, թե Հակոբյանի եւ Մալխասյանի բուժումը հնարավոր է իրականացնել նաեւ անազատության մեջ:

Գրեթե 6 ամիս առաջ կալանավորված Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը մեղադրվում են «պետական իշխանությունը յուրացնելու» եւ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ:

Մելանյա Առուստամյանը ասաց, թե մեղադրանքը հիմնավորող որեւէ իրական ապացույց դեռեւս չի ներկայացվել. - «Չկա հիմնավոր կասկած... 5 ամիս ու 20 օր մարդիկ գտնվում են անազատության մեջ եւ չգիտեն, թե ինչի համար են իրենց մեղադրում: Եթե այդ ապացույցները լինեին, գործը վաղուց դատարան ուղարկված կլիներ»:

«Իմ պաշտպանյալները հայտարարում են, որ իրենք հետապնդվում են սեփական կարծիք ունենալու, խաղաղ հավաքներին մասնակցելու` իրենց իրավունքների համար», - եզրափակեց փաստաբանը:


Կարինե Սիմոնյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG