Մատչելիության հղումներ

Բելառուսի ընդդիմության առաջնորդը ազատ է արձակվել


Բելառուսի ընդդիմության առաջնորդ Ալեքսանդր Կազուլինը, ով շուրջ երկուեւկես տարի անազատության մեջ էր գտնվում եւ ում միջազգային կառույցները քաղբանտարկյալ էին համարում, անցած շաբաթավերջին ազատ է արձակվել` ներում շնորհելու մասին երկրի նախագահ Ալեքսանդր Lուկաշենկոյի հրամանագրով:

Կազուլինը 2 միլիոն եվրո է պահանջում երկրի իշխանություններից` որպես իրեն հասցված բարոյական վնասի փոխհատուցում: Զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ խուլիգանության մեղադրանքներով 5,5 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր գործիչը պնդում է, որ քրեորեն պատժելի արարք չի գործել, հակառակը` ինքն ու իր ընտանիքը այս տարիներին մշտապես հալածվել են իշխանությունների կողմից:

Արդարացի համարելով իր ազատ արձակումը` Ալեքսանդր Կազուլինը, միաժամանակ, «անընդունելի» է որակում «ներում շնորհել» ձեւակերպումը եւ վստահեցնում, որ երբեք չի էլ մտածել դիմել իրեն ներում շնորհելու խնդրանքով:

Կազուլինը 2006 թվականի նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Lուկաշենկոյի հիմնական մրցակիցն էր եւ ձերբակալվել էր ընտրություններից անմիջապես հետո, երբ գլխավորում էր բողոքի ցույցերը, դժգոհում ընտրակեղծիքների դեմ եւ պահանջում ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Նրան անհապաղ ազատ արձակելու պահանջով բազմիցս հանդես էին եկել Եվրամիությունը, Միացյալ Նահանգները: Դա այն հիմնական պայմաններից էր, որոնց կատարման դեպքում Արեւմուտքը պատրաստակամություն էր հայտնել բարելավել հարաբերությունները Բելառուսի ղեկավարության հետ:

Կազուլինի վկայությամբ` Բելառուսի նախագահ Lուկաշենկոն 2007 թվականին իրեն առաջարկել էր լքել երկիրը, հրաժարվել քաղաքական գործունեությունից: «Ծրագրվում էր կալանավայրից ինձ մեքենայով տանել ուղիղ օդանավակայան` ինքնաթիռի մոտ, անձնագիր տալ եւ կազմակերպել իմ ու ընտանիքիս թռիչքը Գերմանիա: Բայց ես հրաժարվել եմ», - լրատվամիջոցներին պատմել է ընդդիմադիր գործիչը, որը բանտում երկու անգամ հացադուլ է հայտարարել, ընդ որում` առաջին հացադուլը շարունակել է 53 օր:

Որոշ փորձագետների գնահատմամբ, Կազուլինին ազատ արձակելը վկայում է Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու` Բելառուսի նախագահ Lուկաշենկոյի պատրաստակամության մասին:

Եվրամիությունը ողջունել է Բելառուսի իշխանությունների այս քայլը` կոչ անելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG