Մատչելիության հղումներ

Արա Աբրահամյանը զրկվեց բրոնզե մեդալից


Միջազգային օլիմպիական կոմիտեն այսօր որակազրկել է Շվեդիան ներկայացնող հայազգի մարզիկ Արա Աբրահամյանին` ոչ սպորտային պահվածքի համար, եւ հետ է վերցրել Պեկինի Օլիմպիադայում նրան շնորհված բրոնզե մեդալը: Այդ մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը:

Հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում 84 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած Աբրահամյանը հինգշաբթի օրը մասնակցել էր պարգեւատրման արարողությանը եւ ստացել մեդալը, ինչից հետո իջել էր պատվանդանից, շպրտել մեդալը մրցագորգի վրա եւ հեռացել: Այդ քայլով նա իր բողոքն էր արտահայտել մրցավարների դեմ, որոնք, նրա համոզմամբ` անարդարացիորեն, կիսաեզրափակիչում հաղթանակը շնորհել էին իր մրցակցին` իտալացի Անդրեա Մինգուցիին, որն էլ դարձել է օլիմպիական չեմպիոն:

«Ինձ պետք չէ այս մեդալը, ես ոսկի էի ուզում», - հայտարարել էր Աբրահամյանը:

33-ամյա ըմբշամարտիկը, ով 2004 թվականի Աթենքի Օլիմպիադայում արծաթե մեդալի էր արժանացել, պատրաստվում է հրաժեշտ տալ սպորտին: «Սա իմ վերջին մրցաշարն է: Ես ոսկի էի ուզում, հետեւաբար` ձախողված եմ համարում այս Օլիմպիադան», - ասել էր նա:

Շվեդիայի թիմի մարզիչ Լեո Միլարին, իր հերթին, «քաղաքական» էր որակել մրցավարների որոշումը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG