Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Դիրքային տուն-տունիկ» վերնագրված խմբագրականում գրում է. - «Իհարկե, անհեթեթություն է ընդդիմության զանգվածային միջոցառումները ամիսներ շարունակ արգելել` այն հիմքով, թե ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն «տեղեկություններ ունեն», որ այդ միջոցառումները վեր են ածվելու անկարգությունների: Եթե, զուտ տեսականորեն, դրան հավատանք, ապա մեր իրավապահներն այդ «տեղեկությունների» հիման վրա վաղուց արդեն պետք է հայտնաբերեին եւ մեկուսացնեին անկարգությունների պոտենցիալ կազմակերպիչներին: Մանավանդ որ` այս ժամանակահատվածում «իրազեկված», բայց «չարտոնված» հանրահավաքների ընթացքում (հունիսի 20-ին, հուլիսի 4-ին եւ օգոստոսի 1-ին) որեւէ անկարգություն չի եղել: Այդ ամենը որոշակի կասկածներ է առաջացնում, որ «անկարգները» հենց իշխանական ճամբարում են»:

Անդրադառնալով պետական եւ քաղաքական գործիչների` օրերս արած հայտարարություններին, թե Հայաստանի ԱՊՀ-ից դուրս գալու հարցը «շքեղություն կլինի, որը մենք չենք կարող մեզ թույլ տալ», որ «ԱՊՀ-ն Հայաստանի երկարաժամկետ քաղաքական ընտրությունն է», «Հրապարակ»-ը գրում է. - «Ֆորպոստի քաղաքական ստրուկների աչքի առաջ ԽՍՀՄ-ի դագաղից կամաց-կամաց պոկվում են նրա եւ Ռուսաստանի անմիջական հարեւանները, եւ չի բացառվում, որ մեկ-երկու տարում Հայաստանը Հարավային Կովկասի եւ այսօրվա ԱՊՀ-ի եվրոպական մասի միակ երկարաժամկետ ընտրությունը մնա մի երկրի հետ, որը հարեւանից սպառնալու կամ ստիպելու համար պատրաստ է ռազմական հզորությունների ցուցահանդես-տեռոր կազմակերպել… Ստրուկի եւ սրտկատիրոջ հարաբերությունների մեջ իրենց հրաշալի զգացող մեր քաղաքական գործիչները փաստորեն ո’չ ազատության ձգտում ունեն, ո’չ ազատության ձգտողների հետ համերաշխության զգացում»:

«Հարավային Օսիայի պատերազմական գործողությունները հսկայական փոփոխություններ են առաջացրել ոչ միայն տարածաշրջանում, այլեւ գործնականում ամբողջ աշխարհում: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ավետեց նոր դարաշրջան, երբ այլեւս չի գործում տարածաշրջանային ամբողջականության սկզբունքի առաջնությունը: Դրանով վերջին մեխը խփվեց հին աշխարհայացքի դագաղի մեջ», - արժեվորում է «Իրավունք»-ի մեկնաբանը` հավելելով. - «Պարզ է, որ մեր երկրի համար գալիս են վճռորոշ ժամանակներ: Ակնհայտ է, թե վերջին իրադարձությունների լույսի ներքո ինչպիսի նոր հնարավորություններ են ստեղծվում Արցախի դիրքերը ամրապնդելու համար: Մինչդեռ մեր արտաքին գործերի նախարարությունը զբաղված է ինչով ասես, բացի այդ գործից»:

«Հայկական ժամանակ»-ի գնահատմամբ, Հայաստանի իշխանությունների «պահվածքը Հարավային Օսիայի պատերազմի համատեքստում իսկապես ապշեցուցիչ է». - «Սերժ Սարգսյանը երկար ժամանակ չնկատելու էր տալիս այդ պատերազմը, հետո ի վերջո որոշեց արձագանքել դրան` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին զանգահարելով ու ցավակցելով: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին չցավակցելն այս դեպքում աբսուրդ էր, եւ որեւէ կերպ չէր բխում հայ-վրացական հարաբերությունների տրամաբանությունից: Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանը սա համարեց Դմիտրի Մեդվեդեւին եւ ընդհանրապես Ռուսաստանին մի մեծ ժեստ անելու եզակի հնարավորություն: Իսկ երեկ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր ուղարկեց նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին: Սերժ Սարգսյանը, իհարկե, կարող էր պարիտետը պահելու համար վերցնել լսափողը եւ զանգահարել Սահակաշվիլիին, ինչպես դա արել էր Մեդվեդեւի դեպքում, սակայն այն, որ նա ընտրել էր Սահակաշվիլիին մի մակարդակ ցածր արարողակարգով ցավակցելու տարբերակը, պարզապես մատնում է Սերժ Սարգսյանի մարդկային թուլությունները»:

«Սերժ Սարգսյանը այդ քայլին գնացել է միայն այն բանից հետո, երբ ընդդիմությունն իրեն մեղադրել է անգործության մեջ», - մատուցում է «Հայք»-ը: - «Այսինքն` նա Հայաստանի հարեւան Վրաստանին ցավակցել է ոչ թե իր սեփական նախաձեռնությամբ, այլ ընդդիմության թելադրանքով»: Ըստ «Հրապարակ»-ի, չնայած ուշացումով` «երկրի նախագահը սրբագրել է քաղաքական սայթաքումը»:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախկին ղեկավար անդամ Ստեփան Զաքարյանը «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է. - «Հայաստանն իրեն պահում է այնպես, ինչպես իրեն թույլ են տալիս գերտերությունները: Երբ մենք ասում ենք` ՀՀ-ն սա պիտի աներ, այն պիտի աներ, չպիտի մոռանանք, որ, երբ դու գերտերություն չես, քեզ պիտի թույլ տան, որ քեզ ինչ-որ ձեւով պահես: Եթե մեզ դիմել են մարդասիրական միջանց տրամադրել` տրամադրում ենք, եթե դիմեն այլ հարցով` կանենք, եւ դա ճիշտ է: Բայց քիթը խոթել մի խնդրի մեջ, որ ինչ-որ տեղ աննախադեպ է, ճիշտ չէ… Մենք, որպես Կովկասում գտնվող պետություն, պիտի այս ամենը հաշվի առնենք, եւ առաջին դասը պիտի քաղի ընդդիմությունը»: Թղթակցի հարցին` «Դարձյա՞լ ընդդիմությունը», Զաքարյանը արձագանքել է. - «Որովհետեւ այսօր ընդդիմությանը քաջալերում են այն ուժերը, որոնք Սահակաշվիլիին դրդեցին այն քայլերին, որոնք հանգեցրեցին այս ողբերգական իրադարձություններին»:

«Հրապարակ»-ի հարցազրույցում ՀՅԴ-ի նախկին անդամ Ռուբեն Հակոբյանն ասում է. - «Հիմնական համաձայնությունը ՀՅԴ-ի` կոալիցիայի մեջ ընդգրկվելու խնդիրն էր, կոալիցիայում ՀՅԴ-ի ընդգրկումը ինչ-որ առումով ինքնանպատակ էր, որ, իմ կարծիքով, չէր բխում ո’չ պետության, ո’չ էլ կուսակցության շահերից: Այն, ինչ արվում է այսօր իշխանությունների կողմից, կարող էր արվել առանց ՀՅԴ-ի մասնակցության: «Օրինաց երկիր»-ի եւ ՀՅԴ-ի մուտքը կոալիցիա ավելի բեւեռացրեց քաղաքական դաշտը: Եթե այս կուսակցությունները, մասնավորապես` Դաշնակցությունը, լինեին ոչ կոալիցիոն դաշտում, ներքաղաքական զարգացումներն ավելի հավասարակշռված կընթանային… Անցած 18 տարիների ընթացքում երբեք ՀՅԴ-ն այսքան պասսիվ քաղաքական ներկայություն չի ունեցել, որքան վերջին 5-6 ամիսներին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG