Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը պահանջներ է ներկայացնում իշխանությանը


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը երեկ տարածած հայտարարությամբ իր անհանգստությունն է հայտնել «հարեւան Վրաստանում ստեղծված ճգնաժամի պայմաններում մեր երկրի համար արդեն իսկ առաջացած, ինչպես նաեւ իրադարձությունների հնարավոր ոչ ցանկալի զարգացման պարագայում քաղաքական, սոցիալական եւ հումանիտար նոր բացասական հետեւանքներով», դատապարտել է «գործող իշխանության մարմինների «վտանգաշատ անգործությունը» եւ պահանջել ձեռնարկել անհապաղ միջոցառումներ:

Հայաստանի «դե ֆակտո իշխանությունից» հայտարարության հեղինակները պահանջում են «պետական մակարդակով ցավակցություն հայտնել հակամարտության հետեւանքով առկա զոհերի կապակցությամբ», «հայտարարել հակամարտության հետեւանքով տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին», «անհապաղ նախաձեռնել ՀՀ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների այց Ռուսաստան եւ Վրաստան` Հայաստանի արտաքին մատակարարումների անխափան ընթացքի ապահովման նպատակով», «ապահովել Վրաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիների վերադարձը պետության հաշվին», «մինչեւ խաթարված ենթակառույցների ամբողջական վերականգնումը, հանդես գալ Կարս - Գյումրի երկաթուղու ժամանակավոր ապաշրջափակման կոչով»:

Երեկ հրավիրած ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը ներկայացնելով հայտարարությունը, ասաց, որ կոնգրեսը իշխանություններին կոչ է անում նաեւ «սատարել միջազգային հանրության նախաձեռնած միջնորդական ջանքերին»:

«Մենք համարում ենք, որ ընդհանրապես որեւէ գործողություն, որը ուղղված է ուժով այս հակամարտությունը լուծելուն, որը առաջ է բերում մարդկային զոհեր, հումանիտար աղետ, այդ գործողությունները արդարացված չեն կարող լինել», - հայտարարեց Զուրաբյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG