Մատչելիության հղումներ

Հայազգի ըմբշամարտիկը հրաժարվել է Օլիմպիադայի բրոնզե մեդալից


Պեկինի Օլիմպիական խաղերում Շվեդիան ներկայացնող հայազգի ըմբշամարտիկ Արա Աբրահամյանը այսօր հրաժարվել է իրեն շնորհված բրոնզե մեդալից եւ շպրտել է այն:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում 84 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած Աբրահամյանը մասնակցել է պարգեւատրման արարողությանը եւ ստացել մեդալը, ինչից հետո իջել է պատվանդանից, շպրտել մեդալը մրցագորգի վրա եւ հեռացել: Այդ քայլով նա իր բողոքն է արտահայտել մրցավարների դեմ, որոնք, նրա համոզմամբ` անարդարացիորեն, կիսաեզրափակիչում հաղթանակը շնորհել էին իր մրցակցին` իտալացի Անդրեա Մինգուցիին, որն էլ դարձավ օլիմպիական չեմպիոն:

«Ինձ պետք չէ այս մեդալը, ես ոսկի էի ուզում», - հայտարարել է Աբրահամյանը:

33-ամյա ըմբշամարտիկը, ով 2004 թվականի Աթենքի Օլիմպիադայում արծաթե մեդալի էր արժանացել, հայտնել է, որ հրաժեշտ է տալու սպորտին: «Սա իմ վերջին մրցաշարն է: Ես ոսկի էի ուզում, հետեւաբար` ձախողված եմ համարում այս Օլիմպիադան», - ասել է նա:

Շվեդիայի թիմի մարզիչ Լեո Միլարին, իր հերթին, «քաղաքական» է որակել մրցավարների որոշումը:

Կիսաեզրափակիչի ավարտին Աբրահամյանի թիմի ներկայացուցիչներին հարկ է եղել զսպել նրան, երբ մարզիկը վիճաբանության մեջ էր մտել հաղթանակը իր մրցակցին շնորհած մրցավարների հետ: Լքելով դահլիճը` նա ոչինչ չի ասել իրեն սպասող թղթակիցներին եւ բռունցքով հարվածել է ալյումինե արգելապատնեշին:

Մեկնաբանելով պարգեւատրման արարողության ժամանակ Աբրահամյանի պահվածքը` Անդրեա Մինգուցին նշել է. - «Նա որոշ չափով փչացրեց արարողությունը ինձ համար: Անշուշտ, կարելի է միշտ հարցականի տակ առնել մրցավարների կայացրած որոշումները, սակայն սպորտում հարկ է մարզիկի կեցվածք դրսեւորել եւ ընդունել արդյունքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG