Մատչելիության հղումներ

Վան Բայբուրդ. «Վրաստանում հասկացողությամբ են վերաբերվում Հայաստանի դիրքորոշմանը»


Վրաստանում նորմալ է ընկալվում Հայաստանի դիրքորոշումը ռուս - վրացական հակամարտության առնչությամբ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը:

«Վրաստանում հասկացողությամբ են վերաբերվում Հայաստանի դիրքորոշմանը, Վրաստանում գիտեն Հայաստան - Ռուսաստան հարաբերությունները», - վստահեցրեց նա: - «Ի տարբերություն ուրիշ երկրների եւ ուրիշ կուսակցությունների կամ կազմակերպությունների` Վրաստանը շատ նորմալ է ընդունում Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները: Այստեղ խանդով չեն նայում` ինչու է Հայաստանը Ռուսաստանի հետ ընկերություն անում»:

Վան Բայբուրդը դրական պատասխանեց այն հարցին, թե արդյոք Թբիլիսիի հայերը աջակցո՞ւմ էին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին երեքշաբթի օրը Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում անցկացված հանրահավաքի ժամանակ. - «Այո, իհարկե, երեք հայկական դրոշ էր ծածանվում այդ օրը»:

Վրաստանի նախագահի խորհրդականը չբացառեց, որ հանրահավաքի մասնակիցների թվում լինեին հայաստանցիներ` «որովհետեւ այսօրվա դրությամբ 10-15 հայկական խոշոր ֆիրմաներ Թբիլիսիում ծավալել են ե’ւ շինարարական աշխատանքներ, ե’ւ ուրիշ բիզնես»:

Վան Բայբուրդը նաեւ հերքեց տեղեկությունները, թե Թբիլիսիում հավաքվել են տասնյակ հազարավոր փախստականներ. - «Ոչ, տասնյակ հազարավորը շատ մեծ թիվ է: Թբիլիսիում են գտնվում Ցխինվալիի գոտու վրացական գյուղի բնակիչները, Գորիի այն բնակելի շենքերի բնակիչները, որոնց բնակարանները, տները քանդվել են` դա մոտավորապես 3 հազարի չափ է»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG