Մատչելիության հղումներ

Ռուսական տանկերը շարժվում են դեպի Թբիլիսի՞


«Ֆրանսպրես» գործակալությունը, վկայակոչելով իր թղթակցին, հաղորդում է, որ ռուսական տանկերի եւ հետեւակի մարտական մեքենաների շարասյունը այսօր դուրս է եկել վրացական Գորի քաղաքից եւ շարժվում է մայրաքաղաք Թբիլիսիի ուղղությամբ:

Գործակալության թղթակիցը տեսել է շուրջ 60 միավոր զրահատեխնիկայի շարասյունը Գորիից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա` դեպի Թբիլիսի ճանապարհին: Ընդ որում, նրա վկայությամբ, վրաններով եւ պաշարով բեռնված մեքենաների պատուհաններից ռուս զինվորները դուրս էին նայում, աղաղակում` «Թբիլիսի, Թբիլիսի», եւ ծածանում ռուսական դրոշները:

Գորին գտնվում է Թբիլիսիից մոտ 75 կիլոմետր հեռավորության վրա:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւս CNN գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ռուսական զորքերը շարժվում են դեպի Թբիլիսի եւ ձգտում են օղակի մեջ առնել քաղաքը:

«Ռուսները գալիս են մայրաքաղաքի վրա: Նրանք օղակ են կազմում», - ասել է Սահակաշվիլին` հավելելով. - «Մենք կպաշտպանենք մեր մայրաքաղաքը մինչեւ մեր արյան վերջին կաթիլը»:

«Մենք երբեք չենք հանձնվի ռուսներին», - հավաստիացրել է Վրաստանի նախագահը եւ հայտնել, որ վրացական ուժերը տեղակայված են Թբիլիսիում ու քաղաքի մատույցներում:

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբից, սակայն, հերքել են ռուսական զորքերի դեպի Թբիլիսի շարժվելու մասին տեղեկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG