Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այն, որ Հայաստանի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները որեւէ ձեւով չեն մեկնաբանում ռուս-վրացական պատերազմը, միանգամայն հասկանալի է», - գրում է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը: - «Խնդիրն իսկապես շատ նուրբ է՝ նախեւառաջ այն պատճառով, որ Կրեմլն աշխատում է թե’ իշխանության, թե’ ընդդիմության հետ, եւ վերջինիս, թեկուզ «կեսբերան», դատապարտող հայտարարությունները Ռուսաստանի հասցեին կարող են փոխել այդ երկրի չեզոք դիրքորոշումը մեր ներքաղաքական խնդիրների վերաբերյալ: Իշխանության պարագայում ամեն ինչ ավելի պարզ է. «ֆորպոստը» «Կենտրոնի» գործողությունները չի քննարկում»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Այսօր Հարավային Կովկասում տագնապալի վիճակ է, բուն Հայաստանում եւս խուճապային տրամադրություններ կան: Մեր զբոսաշրջիկները հազարներով վերադառնում են վրացական ծովափից, բեռների գնալ-չգնալու մասին հակասական լուրեր են շրջում, Փոթիի նավահանգստում կուտակումներ կան, Հայաստանի գազի մատակարարման ծավալներն են նվազել: Սակայն մեր երկրի նախագահը շարունակում է վայելել իր հանգիստը, զվարճանալ Օլիմպիական խաղերով: Ցանկացած նորմալ երկրի ղեկավար այս պահին կշտապեր հայտնվել իր սեփական երկրում, իր ժողովրդի կողքին: Բայց մեր երկրի ղեկավարը աշխարհիկ հաճույքները նախընտրում է պետության ղեկավարի չարքաշ աշխատանքից, հետո էլ զարմանում է, թե ինչու են մարդիկ «անսերժ Հայաստան» բղավում»:

Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում ընդգծում է. - «Ամենագլխավորն այն է, որ մեր ժողովուրդը խուճապի չի ենթարկվել, ապրում է իր կյանքի բնականոն հունով, չի «գրոհում» խանութները, թեեւ ռուսները ռմբակոծում են ոչ միայն հակամարտության գոտին, այլեւ ռմբակոծում եւ մտնում են Գորի, Սենակի, Աջարիա: Այս ամենի նպատակը մեկն էր՝ ժողովրդին խուճապի մատնել, անել այնպես, որ ժողովուրդը դուրս գա իր իշխանության դեմ: Ռուսները կարծում էին, որ ժողովուրդը դրանից հետո կմեղադրի Սահակաշվիլիին: Բայց իրականում տեղի ունեցավ հակառակը… Ժողովուրդը համախմբվեց իր նախագահի շուրջը: Վրաստանում բոլորը, այդ թվում՝ հայերս, այսօր մի բռունցք ենք դարձել»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Սմբատ Այվազյանի դատավարությանը Կենտրոն համայնքի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը դատարան էր եկել բավական ագրեսիվ տրամադրությամբ: Նախ դրսում նա բարձրաձայն հրահանգներ էր տալիս իր ենթականերին, ապա սկսեց սպառնալ դրսում հավաքված մարդկանց: Ի պատասխան նրա սպառնալիքների, հավաքված կանանցից ոմանք հիշեցրին, որ սեպտեմբերի 5-ին հզոր հանրահավաք է լինելու, որից հետո «բոլորդ պատասխան եք տալու ձեր անօրինականությունների համար»: Մեհրաբյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա գոռգոռալով սպառնաց` «բոլորիդ ջարդելու ենք ամսի 5-ին, գնացեք, թքեմ վրեքներդ»: «Հայկական ժամանակ»-ը պակասը լրացնում է. - «Ուշագրավ է, որ Մեհրաբյանի պարագայում սա ամենեւին էլ սպառնալիք չէ, այլ` գործելաոճ: Իհարկե, ժանրի բոլոր կանոններով, այստեղ պետք է անպայման ընդգծեինք, որ նմանատիպ «թքող» ոստիկանները Հայաստանում իրականացվող «բարեշրջումների» գաղափարակիրներն են եւ հենասյուները: Ու եթե նրանք դեռ շարունակում են ոստիկան կոչվել, ուրեմն նրանք իրենց ինտելեկտով եւ դաստիարակությամբ ոչնչով չեն տարբերվում այդ «բարեշրջումների» հեղինակներից»:

Նույն թերթի թղթակից Լուսինե Բարսեղյանը, որը օրերս հարձակման էր ենթարկվել, ներկայացնելով բարձրաստիճան ոստիկանների մասին իր տեղեկատվությունը, գրում է. - «Մեր փառապանծ ոստիկանությունը, որը խիստ վախենում է իշխանափոխությունից, պարզվում է, դրա համար ունի շատ պարզ մի պատճառ: Եվ այդ ընդամենը մեկ պատճառը փողն է եւ այն հսկայական ունեցվածքը, որ սույն վերնախավը հասցրել է կիտել այս ռեժիմի օրոք, եւ որը, հասկանալի է, կարող է շատ արագ կորցնել այն պարզ պատճառով, որ այն ձեռք է բերվել հաստատ ոչ ոստիկանապետի, փոխոստիկանապետի կամ վարչության եւ բաժնի պետի աշխատավարձով: Եթե շարքային ոստիկանը ստանում է 50-60 հազար դրամ, բարձրաստիճան ոստիկանների աշխատավարձը 100-150 հազար դրամ է` ըստ կոչումների»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG