Մատչելիության հղումներ

ԱՊՀ-ի երկրների մեծ մասը նախընտրում է լռություն պահպանել ռուս - վրացական հակամարտության առնչությամբ


ԱՊՀ-ում ներկայումս նախագահող երկրի` Ղրղըզստանի ղեկավար Կումանբեկ Բակիեւը կարգադրել է արտգործնախարարությանը ռուս - վրացական հակամարտության շուրջ շտապ խորհրդակցություններ անցկացնել կազմակերպության անդամ մյուս երկրների հետ: ԱՊՀ-ի անդամ երկրների մեծ մասը, սակայն, դեռեւս լռություն է պահպանում, ինչը, Jane’s հեղինակավոր վերլուծական կենտրոնի ինֆորմացիոն խմբի փորձագետ Մեթյու Քլեմենթի համոզմամբ, ամենեւին էլ զարմանալի չէ:

«Ռուսաստանը ԱՊՀ-ի երկրների մեծ մասի համար հիմնական ռազմավարական դաշնակիցն է, եւ նրանք շահագրգռված չեն թուլացնել կապերը Մոսկվայի հետ: Դա շատ վնասարար կարող է լինել նրանց համար, այդ իսկ պատճառով` նախընտրում են լռություն պահպանել կամ քննադատել Վրաստանի գործողությունները», - ասել է Քլեմենթը:

Միակ բացառությունը առայժմ Ուկրաինան է, որը մեղադրում է պաշտոնական Մոսկվային Վրաստանի ներքին գործերին միջամտելու եւ դեպի ՆԱՏՕ ձգտող երկրի տարածքային ամբողջականությունը չհարգելու մեջ: «Այն, ինչ այժմ կատարվում է Վրաստանում, քննություն է ողջ միջազգային հանրության համար, որի արդյունքները ցույց կտան, թե որքանով ենք մենք պատրաստ պաշտպանել միջազգային իրավունքը` տարածքային ամբողջականությունը հարգելու եւ ուժ չգործադրելու մասին», - հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Կոնստանտին Ելիսեեւը:

Արեւմտյան փորձագետների համոզմամբ, պաշտոնական Կիեւն ունի բոլոր հիմքերը` վերջին զարգացումների շուրջ մտահոգվելու համար: «Այն, ինչ կատարվում է այժմ Վրաստանում, կարող է դաս լինել ոչ միայն արեւմտամետ Թբիլիսիի, այլեւ Կիեւի համար», - «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանել է Lոնդոնի Թագավորական ինստիտուտի արտաքին հարաբերությունների բաժնի փորձագետ Ջեյմս Շերը:

«Ռուսաստանը, անշուշտ, հեռահար նպատակ ունի, որը Հարավային Օսիայով կամ միայն Վրաստանով չի սահմանափակվում: Իրական նպատակն է վերջնականապես ի ցույց դնել, որ Ռուսաստանն է տարածաշրջանում գլխավորը, եւ որ բացի Մոսկվայից մյուս ուժերը, մասնավորապես` ՆԱՏՕ-ն, կամ ցանկություն չունեն, կամ էլ չեն կարող երաշխավորել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը», - ընդգծել է լոնդոնցի փորձագետը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG