Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ի վերլուծաբանի հայացքով` «անկախ այն բանից, թե ինչ ելք կունենան Վրաստանում ծավալվող պատերազմական գործողությունները, դրանք արդեն նախադեպ են ստեղծել եւ կարող են որոշակիորեն ազդել տարածքային հակամարտության մեջ ներքաշված պետությունների հետագա քաղաքականության վրա»:

«Առավոտ»-ի խմբագրի հայացքով` «Ռուսաստանի վարքագիծը աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ եւ ցինիզմով»: «Դա, ըստ էության, կայսերական «մկանների» ցուցադրում է` քողարկված «խաղաղարարական» անհամոզիչ հռետորությամբ», - գրում է խմբագիրը` կարծիք հայտնելով, որ «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, բնականաբար, պետք է լինի կատարյալ չեզոքությունը»:

«Սարսափելին այն է, որ ռուսական իշխանությունն իր մտածողությամբ գրեթե ոչնչով չի տարբերվում սքինհեդներից», - խտացնում է «Հրապարակ»-ը: - «Նման երկրներում սքինհեդները կծաղկեն եւ կբարգավաճեն: Անպատժելիությունը նման հետեւանքներ է առաջացնում, եւ չի բացառվում, որ Ռուսաստանում սկսվի հետապնդումների ու սպանությունների նոր ալիք կովկասյան ծագում ունեցող անձանց, այդ թվում, բնականաբար, նաեւ հայերի դեմ»: «Այնպես որ, մեզ` հայերիս չի հաջողվի այս կոնֆլիկտում չեզոքություն պահպանել եւ ջրից չոր դուրս գալ», - կանխատեսում է թերթը:

«Հրապարակ»-ում վերնագրված է` «Հայաստանը մտել է քարի տակ, սպասում է, թե ինչ կլինի»: Քաղաքագետ Մանվել Սարգսյանը թերթում ասում է. - «Քաղաքական հարթությունում մթնոլորտը տարածաշրջանում փոխվեց, եւ շատ-շատերը կփորձեն վերանայել իրենց տեսակետները: Փաստորեն, պարզվեց, որ ռազմական տարբերակով կոնֆլիկտի լուծումը դյուրին չէ: Եվ եթե Ադրբեջանն ինչ-ինչ տրամադրություններ ուներ, նույնպես պիտի մտածի, որ նման ձեւով հարց չի լուծվի»: Կարծիք հայտնելով, թե վրաստանյան իրադարձությունները ինչ-որ ձեւով կազդեն նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա` քաղաքագետն ասում է. - «Շեշտադրումները կփոխվեն: Հայաստանում դեռ պարզ չէ, թե իշխանությունը ինչով է զբաղված»:

«Չորրորդ իշխանություն»-ը նկատում է. - «Տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները իրենց հստակ դիրքորոշումն արտահայտեցին այս պատերազմի վերաբերյալ, բացի Հայաստանից: Նույնիսկ Սերժ Սարգսյանը չբարեհաճեց ընդհատել արձակուրդը եւ վերադառնալ Հայաստան»: «Եվ ընդհանրապես, Հայաստանն այս իրավիճակում իրեն դրսեւորեց ոչ թե որպես պետություն, այլ որպես ինչ-որ դուքյան», - գնահատում է մեկնաբանը` ներկայացնելով իր դատողությունները. - «Զուտ մարդկայնորեն, իհարկե, մեր համակրանքը պիտի լիներ Հարավային Օսիայի կողմը, որովհետեւ այդ փոքրիկ լեռնային հանրապետությունը փաստորեն պայքարում է հանուն անկախության եւ ագրեսիայի է ենթարկվել: Ղարաբաղյան խնդրի առկայությունն էլ մյուս կողմից է պարտադրում լինել Օսիայի «կողմից», եւ ճանաչել Ցխինվալը ռմբակոծելու վրացիների իրավունքը` նշանակում է ընդունել, որ Ադրբեջանն էլ իրավունք ունի «միջազգային նորմերի շրջանակներում» բնաջնջել Ղարաբաղը: Բայց կա նաեւ հարցի երկրորդ կողմը: Ռուսաստանը փորձում է զենքի ուժով իր ազդեցության տակ պահել նախկին խորհրդային ողջ տարածքը, եւ փաստորեն Վրաստանը պայքարի է ելել այդ ագրեսիվ գերտերության դեմ: Եվ այս իմաստով մեր համակրանքն, անշուշտ, պիտի վրացիների կողմը լինի»: Ավելին, շարունակում է մեկնաբանը, «եթե չլիներ ղարաբաղյան խնդիրը, Հայաստանը ճիշտ կաներ, եթե ռազմական օգնություն առաջարկեր Վրաստանին»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Հրապարակ»-ում ասում է. - «Քանի որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, Վրաստանը` հարեւան երկիրը, որի միջոցով մենք առնչվում ենք աշխարհի հետ, պարզ է, որ այս պարագայում անցնել մեկի կողմը` նեղացնելով մյուսին, իրոք, դժվար է: Նույնիսկ քաղաքական ուժերի դիրքորոշումները պետք է լինեն մաքսիմալ զգուշավոր»:

«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով իր թղթակից Լուսինե Բարսեղյանի վրա երեկ կատարված հարձակմանը, գրում է. - «Համոզված ենք, որ այս հարձակումն այսօր Հայաստանում լրագրողների դեմ իրականացվող բեսպրեդելի մի ընդհանուր հրահանգի մեկ դետալ է: Այդ հրահանգն էլ, բնականաբար, իջեցված է հենց նախագահականից` հենց Սերժ Սարգսյանի կողմից: Բայց այն նպատակը, որն իր առաջ դրել է ավազակապետությունը, դատապարտված է չիրագործման եւ ճիշտ հակառակ էֆեկտն է թողնելու»:

«Լուսինե Բարսեղյանի համոզմամբ` դրա հեղինակները Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, թաղապետ Մհեր Սեդրակյանի կամ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի «սափրագլուխներն» են», - գրում է «Առավոտ»-ը, որի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը փոխանցել է, թե «ինքը չգիտի էլ, թե Երեւանում ինչ է կատարվել, որովհետեւ արդեն մեկ շաբաթ է` Պեկինում է»: Իսկ Մհեր Սեդրակյանը թերթին ասել է. - «Հա, ես ջղայնացել էի էդ նյութի համար, բայց հետո էդ անցավ: Ես ղզիկ-տղամարդ չեն, մեռել կամ կնիկ ծեծող չեմ: Ես ուղղակի էդ աղջկա մազերը կխուզեի ու վերջ»:

«Խնդիրը նույնիսկ այն չէ, թե այս երեքից ով է կազմակերպել լրագրողի դեմ ահաբեկչությունը: Խնդիրն այն է, որ իշխանությունները ցանկության դեպքում շատ արագ կբացահայտեն դա: Այլ հարց է` կլինի՞ այդպիսի ցանկություն, թե՞ ոչ», - ընդգծում է «Չորրորդ իշխանություն»-ը` հավելելով. - «Համենայն դեպս, վերջին տարիների ընթացքում լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ իրականացված տասնյակ ահաբեկչություններից որեւէ մեկը չի բացահայտվել, իսկ սա նշանակում է, որ տեռորն իրականացված է «պետական մակարդակով», եւ իրականացնողները նախապես են ստանում «դաբրոն»:

«168 ժամ»-ը արձագանքում է. - «Ազատության հրապարակը շրջափակող եւ Հյուսիսային պողոտայում շուրջօրյա հերթապահություն իրականացնող իրավապահները հանցագործներին կարող են հայտնաբերել հաշված ժամերի ընթացքում: Եթե, իհարկե, հենց Ոստիկանությունը չի կազմակերպել այս վայրագությունը»:

«Հայք»-ը, հիշեցնելով, որ Լուսինե Բարսեղյանը հարձակման էր ենթարկվել նաեւ փետրվարի 19-ին` նախագահի ընտրության օրը, Էրեբունի համայնքի ընտրատեղամասերից մեկում, հավելում է. - «Հարձակվողը սիմվոլիկ պատժի արժանացավ: «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմը հիմա որեւէ հույս չի կապում իրավապահների հետ: Լրագրողները խոստացան, որ իրենք են լրագրողական հետաքննություն անցկացնելու եւ հայտնաբերելու մեղավորներին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG