Մատչելիության հղումներ

Հարձակման է ենթարկվել «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը


Երկուշաբթի առավոտյան անհայտ անձինք հարձակվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Լուսինե Բարսեղյանի վրա: Միջադեպից հետո Լուսինե Բարսեղյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժշկական հետազոտության արդյունքներով հայտնաբերվել է գլխի սալջարդ, հեմատոմա, զարկերակային արյան ցածր ճնշում: Լուսինե Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այս միջադեպի հետեւանքով ունի սուր գլխացավեր: Հիվանդանոց այցելած ոստիկանության Նոր-Նորքի բաժանմունքի քննիչը լրագրողին տեղյակ է պահել, որ նա կարող է երեքշաբթի օրը ստանալ դատաբժշկի ուղեգիր:

Լուսինե Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց միջադեպի մանրամասները. - «Առավոտյան 9-ն անց 40-ի սահմաններում ես ծնողներիս տնից իջնում էի: Դիմացը մուգ գույնի «Ժիգուլի» էր, անմիջապես շարժվեց... Այդտեղ քիչ մարդ է լինում, իրենք հետեւից հարձակվեցին ու սկսեցին խփել... Երկու հոգով էին»:

Լուսինե Բարսեղյանն ասաց, որ իր ծնողներին նախապես այցելել էին հաղթանդամ տղաներ` «տեղը ճշտելու նպատակով»:

Լուսինե Բարսեղյանը կատարվածը պայմանավորում է իր մասնագիտական գործունեությամբ: Լրագրողի վերջին հրապարակումները վերաբերել են Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի, Ազգային ժողովի պատգամաոր Սամվել Ալեքսանյանի, ինչպես նաեւ Էրեբունիի թաղապետ Մհեր Սեդրակյանի ունեցվածքին:

«Բնականաբար, դա իմ գրած նյութերի հետեւանք է», - ասաց նա:

«Միջադեպը ունի ե’ւ պատճառներ, ե’ւ առիթներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը: - «Առիթը Լուսինե Բարսեղյանի վերջին շրջանում պատրաստած շարքն էր, որով բացահայտվում էին «բարեշրջումներ» իրականացնող իշխանության ներկայացուցիչների ունեցվածքը, կալվածքները: Իսկ պատճառը իշխանության անկարողությունն է ապացուցել ժողովրդին, որ ինքը ինչ-որ քայլեր է փորձում անել...»:

Միջադեպի կապակցությամբ դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները: Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով, կատարվածը «եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք այսօր, միեւնույն է, գտնվում ենք լրատվամիջոցների գործունեության համար ոչ ազատ երկրում»:

«Ես կասկած չունեմ, որ դա արել են իշխանության որոշակի օղակները, եւ դա կապված է, բնականաբար, Լուսինեի եւ «Հայկական ժամանակ»-ի պրոֆեսիոնալ գործունեության հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը երեկ հայտարարություն է տարածել «Լրագրողների գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ»:

«Հայաստանում վերջին տասնհինգ օրվա ընթացքում արձանագրվել են լրագրողներին ահաբեկելու եւ մասնագիտական պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու մի շարք դեպքեր, մասնավորապես` հուլիսի 29- ին` Տավուշի մարզի «Հայլուրի» թղթակից Գայանե Թամամյանի, օգոստոսի 1- ին «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական գծով պատասխանատու Գագիկ Հովակիմյանի, օգոստոսի 11-ին` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի նկատմամբ», - ասված է հայտարարությունում: - «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված լրագրողները կարող են ներկայացնել իրենց հետ կատարվածի ամբողջական նկարագրությունը` ընդհուպ մինչեւ իրենց խոչընդոտող անձանց ինքնությունը բացահայտող լուսանկարները եւ ահաբեկող անձանց մեքենաների համարները, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում իրավապահ մարմիններին լինել հետեւողական եւ հույս է հայտնում, որ տվյալ պայմաններում բոլոր անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման դեպքում առավել դյուրին կլինի բացահայտել օբյեկտիվ իրականությունը եւ մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելը»:

Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը դատապարտել է լրագրողի դեմ կիրառված բռնությունը:

«Դատապարտում եմ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի նկատմամբ կիրառված բռնության փաստը: Լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու ցանկացած փորձ եւ ոտնձգություն դատապարտելի եւ անընդունելի է», - «Արմինֆո» գործակալությանը ասել է Ֆարմանյանը եւ հավելել, որ «իրավապահ մարմինները պարտավոր են բացահայտել եւ պատասխանատվության կանչել մեղավորներին»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG