Մատչելիության հղումներ

Ադրբեջանը օտարերկրացիների համար դյուրացրել է Վրաստանի հետ սահմանը հատելու ընթացակարգը


Հարավային Օսիայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ադրբեջանը օտարերկրյա քաղաքացիների համար դյուրացրել է Վրաստանի հետ սահմանը հատելու ընթացակարգը:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Խազար Իբրահիմը այսօր Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ վրաց-ադրբեջանական սահմանին կուտակվել են հարյուրավոր օտարերկրացիներ` Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ:

«Նրանք ուզում են Ադրբեջանի տարածքով վերադառնալ իրենց երկրները», - ասել է արտգործնախարարության ներկայացուցիչը:

Հարկ է նշել, որ հայաստանյան համապատասխան կառույցների աջակցությամբ դյուրացված կարգով արդեն Հայաստան են մուտք գործել օտարերկյա շուրջ 2000 քաղաքացիներ, այդ թվում` Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ եւ նրանց ընտանիքների անդամներ:

Հայաստանի արտգործնախարարությունը նաեւ հաղորդել է, որ որոշում է կայացվել Վրաստանից Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագրեր տրամադրել անվճար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG