Մատչելիության հղումներ

Մյասնիկ Մալխասյանը տեղափոխվել է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ


Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված գործի շրջանակներում կալանավորված Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի նկատմամբ հետազոտությունն ավարտվել է, եւ այսօր առավոտյան որոշվել է, որ նրան պետք է նորից տեղափոխել «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Մալխասյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը` վկայակոչելով «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին:

Միաժամանակ, պաշտպանը փոխանցեց, որ «ըստ Մյասնիկ Մալխասյանի` իրեն մանրակրկիտ չեն հետազոտել, ինքը բժշկական օգնության կարիք ունի, վատ է զգում, սակայն նրան այդ վիճակում տեղափոխել են»:

Փաստաբանը դիմել է հետապնդում իրականացնող մարմնին: Ի պատասխան` քննչական խմբի ղեկավար, Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը ասել է, թե Մալխասյանը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ, «հետո կորոշվի, թե ինչպես է պետք վարվել»:

«Ըստ բժշկական եզրակացության, որին ես ծանոթ եմ, նա [Մալխասյանը] ունի բավականին պրոբլեմներ», - վստահեցրեց Մելանյա Առուստամյանը: -«Ես երկուշաբթի կհանդիպեմ իմ պաշտպանյալին. կախված այն հանգամանքից, թե ինչպես կլինի նրա վիճակը, հնարավոր է` միջնորդեմ, որ նրան տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց»:

Պաշտպանը հիշեցրեց նաեւ Մյասնիկ Մալխասյանի խափանման միջոցը փոխելու` մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամների միջնորդության մասին:

Մյասնիկ Մալխասյանը հետազոտման նպատակով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 6-ի առավոտյան:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG