Մատչելիության հղումներ

Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարարը Մոնտեվիդեոյում կոնֆերանսի է մասնակցել


Մոնտեվիդեոյում կայացավ Գյուղատնտեսական հետազոտությունների միջազգային հիմնարկության կոնֆերանսը, որին մասնակցեցին տարբեր երկրների ներկայացուցիչներ` քննարկելու պարենի համաշխարհային ճգնաժամի հաղթահարման ուղիները: Հայաստանը ներկայացնում էր գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում փոխնախարարը ընդգծեց, որ պարենի անբավարարության խնդիրը ոչ ոք չի ժխտում, այդ իսկ պատճառով պետք է «գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաներ ներդնելով, գիտության նվաճումներ դնելով կարողանալ բարձրացնել արտադրողականությունը եւ ավելի շատ արտադրել սննդամթերք»:

«Մասնավորապես` Հայաստանի պարագայում պետք է ասեմ, որ, հիմնականում, մենք սննդամթերք ներկրող երկիր ենք, հատկապես պարենային ցորենը մոտավորապես 55-60 տոկոսով մենք ներկրում ենք, եւ հիմա մշակում ենք մի ազգային ծրագիր, որ պիտի ջանանք, որ առաջիկա տարիներին գոնե ցորենի 75 տոկոսը մենք ինքներս կարողանանք արտադրել», - ասաց Սամվել Ավետիսյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում շաքարի արտադրության խնդիրը լուծման ճանապարհին է. - «Եկող տարի Ախուրյանում` Շիրակի մարզում, կբացվի շաքարի գործարան, որը սեպտեմբերից կսկսի արտադրել արդեն Հայաստանում շաքար, եւ դրսի շուկաներից մեր կախվածությունը արդեն կթուլանա»:

«Այսպես, տարբեր արտադրատեսակների գծով ինքներս պետք է կարողանանք ներկրումը փոխարինել տեղական արտադրությամբ եւ ապահովել մեր պարենային անվտանգությունը», - ընդգծեց Սամվել Ավետիսյանը:

«Արդյոք հնարավորություններ կա՞ն` օգտագործելով հայ - ուրուգվայական քաղաքական դրական հարաբերությունները, առեւտրական կապեր հաստատելու երկու երկրների միջեւ», - այս հարցին ի պատասխան` Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարարը կարծիք հայտնեց, որ շուկան դեռեւս լավ ուսումնասիրված չէ. - «Մասնավորապես, ես հիմա դժվարանում եմ ասել, թե Ուրուգվայի ի՞նչ ապրանքներ կարող են հասնել Հայաստան եւ Հայաստանի ի՞նչ ապրանքներ այստեղ կարող են պահանջարկ ունենալ: Այստեղ ե’ւ համայնքը ունի խնդիր, ե’ւ մեր դեսպանատունը ունի խնդիր, որպեսզի ավելի լավ ուսումնասիրվի շուկան, ուսումնասիրվեն հնարավորությունները, եւ կարծում եմ, որ եթե գտնվեն այնպիսի ապրանքատեսակներ, որոնք իսկապես փոխադարձ պահանջարկ ունենան, այստեղ կարող են զարգանալ հարաբերությունները: Բայց այս պահին ես անկեղծորեն պետք է ասեմ, որ դեռեւս չեմ տեսնում այդ հնարավորությունը, առավել եւս, որ նավագնացության սակագները շատ թանկացել են, եւ այս հեռավորությունը թույլ չի տալիս, որ Լատինական Ամերիկայի երկրներից շատ ապրանքատեսակներ բերվեն Հայաստան»:

Սամվել Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել է տեղի հայկական հաստատություններ եւ մասնակցել է մշակութային միջոցառումների:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG