Մատչելիության հղումներ

Համաժողովրդական շարժումը գլխավոր կարգախոս է դարձնում Սերժ Սարգսյանի հրաժարականը


«Հայաստանի հասարակության արձագանքը որեւէ կասկած չի հարուցում, որ մենք պետք է վճռականորեն շարունակենք համաժողովրդական պայքարը եւ այսօրվանից Համաժողովրդական շարժման գլխավոր կարգախոսը դարձնենք Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրությունները», - օգոստոսի 1-ին Մատենադարանի մոտ կայացած բազմամարդ հանրահավաքում հայտարարեց Համաժողովրդական շարժման առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հրաժարականի պահանջը, Տեր-Պետրոսյանի խոսքով, հիմնված է ոչ թե ընդհանուր գնահատականների, այլ Սերժ Սարգսյանին ներկայացվող կոնկրետ մեղադրանքների վրա. - «Կեղծված ընտրությունների միջոցով իշխանության յուրացում, մեղսակցություն մարտի 1-ի ոճրագործությանը, այդ ոճրագործության բացահայտման խափանում, կառավարման ավազակապետական համակարգի ստեղծում եւ իշխանության մարմինների լիակատար քրեականացում»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, ամբողջ պետական ապարատը զբաղված է իշխանության յուրացումը արդարացնելու եւ հարատեւ դարձնելու գործով միայն: Իսկ թե ինչով է զբաղված «օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունն» ապահովողը՝ պարզ չէ. - «Ավելի ճիշտ, Սերժ Սարգսյանը բոլորովին այլ պատկերացում ունի իշխանության տարբեր ճյուղերի բնականոն գործունեության մասին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանի օրոք ձեւավորված ավազակապետական համակարգի պահպանումը»:

«Կեղծ ժպիտները, դատարկ հավաստիացումները եւ վարչարարական աճպարարությունները չհաշված, նրա կատարած կամ չկատարած բոլոր քայլերը հակառակը չեն վկայում: Առայժմ չկա որեւէ նշան, որ նա մտադիր կամ ունակ է կազմաքանդել այս գերարատավոր համակարգը եւ պետությունը ծառայեցնել երկրի զարգացման ու ժողովրդի բարօրության վեհագույն նպատակներին», - հայտարարեց Հայաստանի առաջին նախագահը:
Շեշտելով, թե Սերժ Սարգսյանի նախագահության առաջին 100 օրերի ընթացքում կատարված քայլերը հանգամանորեն ներկայացրել է ընդդիմության նախորդ` հուլիսի 4-ի հանրահավաքում, Լեւոն Տեր-Պետրոսյանը բավարարվեց որոշ ընդհանուր գնահատականներով. - «Միակ բանը, որ հարյուր օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը լավ է կատարել` ժողովրդավարական ազատությունների է’լ ավելի սահմանափակումն է եւ մարդու իրավունքների հետեւողական ոտնահարումը, ինչի հետեւանքով վարչախմբի եւ հասարակության միջեւ լարվածությունը հասել է իր գագաթնակետին»:

Այնուհետեւ Հայաստանի առաջին նախագահը ազդարարեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը. - «Մենք` շարժման կորիզը կազմող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներս, հռչակում ենք Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը»:

Հռչակագրի տակ հենց Մատենադարանի հարթակում ստորագրեցին 16 կուսակցություններ, այդ թվում` Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Հայոց համազգային շարժումը, Հայաստանի մարքսիստական կուսակցությունը, «Հանրապետություն»-ը եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը: «Ժառանգություն»-ը, «Նոր Ժամանակներ»-ն ու եւս 5 կուսակցություններ առայժմ վերջնական որոշում չեն կայացրել:

Վերջում հռչակագիրը ստորագրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` հայտարարելով. - «Կոնգրեսի մաս կազմող քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պահպանում են իրենց լիակատար ինքնուրույնությունը եւ անկախ գործունեություն ծավալելու` այդ թվում ընտրություններին առանձին մասնակցելու իրավունքը: Կոնգրեսը բաց է Հայաստանի եւ սփյուռքի բոլոր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների անդամագրման համար»:

Այնուհետեւ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց նորաստեղծ Կոնգրեսի մարտավարական խնդիրները` քաղբանտարկյալների ազատ արձակումը, խոսքի եւ հանրահավաքների ազատության ապահովումը, մարտի 1-ի հետաքննությանը միջազգային փորձագետների մասնակցությունը եւ լիարժեք բացահայտումը. - «Առնվազն առաջին պայմանի կատարման դեպքում` քաղբանտարկյալներին ազատ արձակելու դեպքում, երկրի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների շուրջ իշխանությունների հետ երկխոսության ծավալում»:

Հանրահավաքի ավարտին տեղի ունեցավ բազմահազարանոց երթ Երեւանի կենտրոնով, որն ավարտվեց Հյուսիսային պողոտայում:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG