Մատչելիության հղումներ

Նախարարները եւ միջնորդները կառուցողական են գնահատում մոսկովյան հանդիպումը


Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` մեկ ժամից ավելի տեւողությամբ առանձնազրույցը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպումների ընթացքում քննարկումները ծավալվել են «համաձայն Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից արտգործնախարարներին տրված հանձնարարականի` շարունակելու բանակցությունները 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա` փորձելով մոտեցնել կողմերի դիրքորոշումները դեռեւս չհամաձայնեցված հարցերի շուրջ»:

Ըստ նույն աղբյուրի, հանդիպման ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին` երկու նախարարներն այն գնահատել են գործնական ու կառուցողական եւ հայտնել բանակցությունները շարունակելու մտադրության եւ, հնարավորության դեպքում, սեպտեմբերի վերջին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, վերստին հանդիպելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողներին ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում «հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ կա ըմբռնում, սակայն մինչեւ ճեղքումը դեռ հեռու է»:

«Մենք քննարկեցինք, թե ինչպես հաղթահարել հակամարտության կարգավորմանը խոչընդոտող հիմնախնդիրները», - ասել է Մամեդյարովը:

Նրա խոսքերով, բանակցությունները անցել են ինտենսիվ ձեւաչափով եւ օգտակար էին, եւ կողմերը պայմանավորվել են շարունակել դրանք:

«Մենք շարունակում ենք քննարկումը` մոտեցնելու համար մեր դիրքորոշումները: Գլխավորը կողմերի միջեւ` փոխըմբռնումն է. որքան մեծ է այն, այնքան` լավ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Մինսկի խմբի համանախագահները, իրենց հերթին, դրական են գնահատել նախարարների հանդիպումը:

«Հանդիպումը շատ կառուցողական էր», - հայտարարել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: - «Երկու նախարարները գոհ էին»:

Ղարաբաղյան կարգավորման ժամանակային հնարավոր շրջանակների առնչությամբ ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ «դեռ չարժե ժամանակային կանխատեսումներ անել»:

Մերզլյակովը նշել է նաեւ Մինսկի խմբի ակտիվ գործունեությունը` հիշեցնելով, որ սա նախարարների երրորդ հանդիպումն էր վերջին երեք ամսվա ընթացքում:

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, թե «երկու կողմերում քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը»:

«Հարցն այն չէ, որ ճնշում գործադրվի բանակցությունների մասնակիցների նկատմամբ, այլ այն, որ կողմերի միջեւ վստահություն ստեղծվի», - ընդգծել է ամերիկացի դիվանագետը` հավելելով. - «Անհրաժեշտ է օժանդակել բանակցային գործընթացի առաջխաղացմանը, եւ մենք լավ աշխատանք կատարեցինք վերջին շրջանում»:

Որպես «բարդ» որակելով Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը` Բրայզան, միաժամանակ, վստահեցրել է, որ վերջին շրջանում տեղաշարժ է արձանագրվել հիմնախնդրի կարգավորման գործում: Մասնավորապես, նա հիշեցրել է միջնորդների` անցած տարվա վերջին Մադրիդում կողմերին ներկայացրած առաջարկները, որոնց հիման վրա ներկայումս ընթանում են բանակցությունները:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայությամբ` ամերիկացի համանախագահը հայտնել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության հարցը լուծվելու է հանրաքվեի միջոցով:

Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Անդրեյ Դենիսովի կողմից ճաշ է տրվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների պատվին:

Երեկ Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում էր ունեցել Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:


(Լուսանկարը` արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG