Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա


Այսօր երեկոյան Մոսկվա է մեկնելու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ռուսաստանի մայրաքաղաքում նա հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հուլիսի 22-ին ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը տարածել էր Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում միջնորդները կողմերին հորդորել են զերծ մնալ առավելագույն արդյունքի հասնելուն ուղղված նախաձեռնություններից` թե’ հակամարտության գոտում, թե’ բանակցությունների սեղանի շուրջ եւ թե’ իրենց հրապարակային հայտարարություններում, եւ խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից, քանի որ հիմա Մինսկի խումբը եւ նախագահները միասին աշխատում են խաղաղ կարգավորման ուղղությամբ: Հայտարարությունում ասված էր նաեւ, որ համանախագահները անհամբերությամբ սպասում են արտգործնախարարների մոսկովյան հանդիպմանը:

Հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, հանդիպման հիմնական արդյունքն այն է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները, եւ դրանք շարունակել համանախագահների` անցած տարվա վերջին Մադրիդում արված առաջարկությունների հիման վրա:

Միաժամանակ, ադրբեջանական կողմը` ի դեմս երկրի նախագահի եւ արտգործնախարարի, հայտարարում է, որ պայմանավորվածություն կարելի է ձեռք բերել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:

Մոսկվա մեկնելուց առաջ Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ հանդիպումները տեղի են ունենալու օգոստոսի 1-ին: Երկու երկրների արտգործնախարարները նախ կզրուցեն առանձին, ապա` Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:


Ազա Բաբայան, Մոսկվա եւ Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG