Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը «Ամենավճռական փուլն արդեն անցել է» վերնագրի ներքո հրապարակել է հարցազրույց ՀՀՇ-ի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ: «Ինչպե՞ս էր կյանքը կալանավայրում», - այս հարցին Զուրաբյանը պատասխանել է. - «Դե, սովորական կյանք է, մի տարբերությամբ, որ որոշակիորեն կտրված ես այն ամեն ինչից, ինչ քո համար կարեւոր է: Մնացած առումներով տանելի է: Կարող է որոշակի զարմանք առաջացնել, բայց կալանավայրում բավականին մեծ թիվ են կազմում մարդիկ, որոնք գերադասելի կլիներ, որ դրսում լինեին, ու հակառակը: Կարծում եմ` այսօր դրսում բազմաթիվ են մարդիկ, որոնք տեղերով կարող էին փոխվել եւ կալանավայրում հայտնված մարդկանց փոխարեն իրենք հայտնվեին այնտեղ»:

«Չորրորդ իշխանություն»-ը, անդրադառնալով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման նպատակին, նշում է. - «Ի սկզբանե պարզ էր, որ այդ հանձնաժողովի խնդիրը ամենեւին էլ մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելը չէր: Ո՞ւմ համար պիտի բացահայտեին: Իշխանությունները շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, ժողովուրդը նույնպես շատ լավ գիտի ճշմարտությունը: Իսկ հիմա արդեն պարզ է դառնում, որ մարտի 1-ի հանձնաժողովի բուն նպատակը կողմերին «բարիշացնելն» ու գործը փակելն է»:

Ընդգծելով, որ երկու օրից լրանում է մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 5 ամիսը` «Հայկական ժամանակ»-ը շեշտադրում է. - «Այսօր արդեն ակնհայտ է, որ ողբերգական իրադարձությունները քննող քննչական խումբը ի վիճակի չէ պարզել, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը, եւ ում մեղքով է այդ ամենը եղել: Այսօր արդեն ակնհայտ է, որ մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը ընդամենը դարձել է գործիք ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ ակտիվ քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու համար… Հատուկ քննչական ծառայության քննիչներին չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին: Քննիչները, կարծես, նախապես գծել են իրադարձությունների իրենց սցենարը, որին էլ փորձում են համաձայնեցնել նախաքննությունը: Քննիչների գործը եղել է մեկը` ընդդիմությանը մեղադրող թղթեր գրել, որոնց շնորհիվ մարդիկ կպահվեն անազատության մեջ»:

«Շատ մեծ երեւակայություն եւ, հավանաբար, իշխանավորի ուղեղ պիտի ունենաս, որ հասկանաս, թե ինչ շարժառիթներից դրդված են ազատ արձակում Արշակ Բանուչյանին, սակայն կալանքի տակ պահում Ալեքսանդր Արզումանյանին: Կամ փոխում Գուրգեն Եղիազարյանի խափանման միջոցը, սակայն Գրիգոր Ոսկերչյանի կալանքի ժամկետը երկարացնում: Իշխանության այս քայլերը մեր` շարքային մահկանացուներիս տրամաբանության մեջ չեն կարող տեղավորվել», - գրում է «Հրապարակ»-ը` փորձելով կռահել. - «Իսկ գուցե սա ինքնախաբեության ձե՞ւ է` ընդդիմության ներկայացուցիչներին կոտրելու ենթատեքստով: Կամ էլ` միջազգային կառույցներին եւ սեփական հանրությանը հանգստացնելու նպատակով արվող քայլերը այսպես ավելի քիչ են ցավոտ թվում, թե՞ մեկ է` չենք կոտրվել եւ չենք էլ նահանջել քրեական հետապնդումների մեր ազնիվ գծից, ուղղակի ներողամիտ ենք եւ մեծահոգի»: Մի կողմ թողնելով գուշակությունները` «Հրապարակ»-ը արձանագրում է եւ առաջարկում. - «Փաստ է, որ ո’չ նստեցնելով, ո’չ էլ ազատ արձակելով ոչ մի հարց չի լուծվում: Այնպես որ, նոր բան մտածեք»:

Հայոց Համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, որի խափանման միջոցը երեկ էր փոխվել, «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է. - «Կարծում եմ, որ ցանկացած պարագայում իշխանությունները ստիպված են լինելու ինչ-որ քայլեր անել: Հնարավոր չէ` որեւէ իշխանություն որեւէ երկրում բռնությունները դարձնի շարունակական: Եթե դարձնեն շարունակական, դառնալու են դասական բռնապետություն: Դասական բռնապետություններն էլ ինչ-որ մի պահ ունեն` նրանց ապոգեյն է, որից հետո փլուզվում են: Ցանկացած պարագայում, ես կարծում եմ, որ նրանց բանականությունը միգուցե բավարարի ընդդիմության հետ նստելու երկխոսության` արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ»:

«Ազգ»-ը, վերլուծելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերի, նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության պաշտոնական հաղորդագրությունների մի շարք հատվածներ, եզրահանգում է. - «Հակառակ բոլոր տեսակի հայտարարություններին, նախագահ Սերժ Սարգսյանի օրակարգում թերեւս չկա իրավապահ մարմինների անկախության ամրապնդման նպատակը: Իսկ դա հարցականի նշան է կախում ժողովրդվարության զարգացման, այդ թվում շատ սպասված ու թմբկահարվող հակակոռուպցիոն ծրագրերի վրա»:

«Ակնհայտ է, որ Հայ ազգային կոնգրեսի ստեղծման միջոցով փետրվարի 19-ի ընտրություններից առաջ իր շուրջը համախմբված ընդդիմության պառակտումը կանխելու` Տեր-Պետրոսյանի հեռահար քաղաքական հաշվարկը արդեն կատարյալ ձախողման եզրին է: Փաստորեն, բացի ՀՀՇ-ից, նրա կցորդը դարձած «Հանրապետություն»-ից եւ էլի մի քանի մանր-մունր կուսակցություններից, Հայ ազգային կոնգրեսի ստեղծման առաջարկը չի արժանանում ընդդիմադիր ուժերի հավանությանը: Ու թեպետ նրանց մի մասը առայժմ փորձում է հրապարակավ չխոստովանել այս իրողությունը եւ բավարարվել միայն անորոշ ակնարկներով, մյուսները գերադասում են սպասել մինչեւ կոնգրեսի ծրագրի ու աշխատակարգի հստակեցմանը, բայց այդ ամենը չի կարող սքողել հարցի էությունը»:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Առավոտ»-ում նկատում է. - «Ակնհայտ է, որ իշխանությունները գնում են հարաբերությունների կոշտացման ճանապարհով, եւ եթե իրականությանը համապատասխանում են խոսակցությունները, որ իշխանությունը փորձում է Հովիկ Աբրահամյանին Ազգային ժողովի նախագահ կարգել, ուրեմն իրենք փորձում են ռեպրեսիվ մեթոդներով, տարբեր ազգայնական խմբավորումներ ստեղծելով եւ ազգայնական դրոշ բարձրացնելով՝ ամրացնել իրենց»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG