Մատչելիության հղումներ

Բռնության ենթարկված պատգամավորին ու լրագրողին չի բավարարում դատարանի որոշումը


Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ թիվ 13/16 (մայրաքաղաքի Էրեբունի համայնքում) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Վասիլ Աֆյանին դատապարտեց տուգանքի՝ 300 հազար դրամի չափով։ Այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Լուսինե Բարսեղյանը իրենց դժգոհությունը հնչեցրին դատավճռի կապակցությամբ:

Փետրվարի 19-ին Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Վարդան Խաչատրյանը, ինչպես նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Լուսինե Բարսեղյանը դիմել էին իրավապահ մարմիններին` պահանջելով հարուցել քրեական գործ` նշելով, որ ընտրատախախտումներն արձանագրող պատգամավորների եւ լրագրողի աշխատանքը նախ խոչընդոտել են հանձնաժողովի նախագահը, տեղակալը, ապա նաեւ` Էրեբունիի ոստիկանապետը` յուրայիններով:

Դիմումատուները հայտնել էին, որ տեղի են ունեցել բռնույթուններ: Հարուցվել էր քրեական գործ: Նախաքննությունն իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը:

«Սրանով արդեն կարող են շատ ավելի քիչ գումարով կեղծել ընտրությունները տեղամասում, ամենակոպիտ ձեւով դիտորդներին, լրագրողներին, ֆիզիկական ուժ գործադրելով, բռնություն կիրառելով հանեն… ու որեւէ մեկը չի պատժվի… Ընդամենը կդնեն 300 հազար դրամի տուգանք ու դրանով կավարտվի», - հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը` իր նկատմամբ ոստիկանապետի գործադրած բռնության մասին էլ հավելելով. - «Սա նոնսենս է, ու ես չեմ պատկերացնում, որ որեւէ նորմալ երկրում կարող է որեւէ ոստիկանապետ օրենքի ներկայացուցչի նկատմամբ նման ոտնձգություն կատարի»:

Լուսինե Բարսեղյանը ասաց հետեւյալը. - «300 հազար դրամ տուգանքը հանձնաժողովի նախագահին, որը թույլ չի տվել, որ լրագրողն ու դիտորդը նորմալ աշխատեն, հետեւեն քվեարկության ընթացքին, ուղղակի աբսուրդ է, անհեթեթություն»:

«Այս վիճակը, որ այսօր կա, ինձ հավատ չի ներշնչում, որ իսկապես իշխանությունները փորձում են բարեփոխումներ իրականացնել», - ամփոփեց Արմեն Մարտիրոսյանը:

Հատուկ քննաչական ծառայության մամուլի քարտուղար Վահե Կոստանդյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, թե դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի արդյունքում «մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել». - «Եվ հենց այդ հիմքով հունիսի 25-ին բռնություն գործադրողների մասով քրեական գործը կարճվել է»:

Ինչ վերաբերում է այս ամբողջ պատմության համար հիմք դարձած ընտրախախտումներին, ապա Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարն ասաց. - «Առանձին գործ չի հարուցվել, հանձնաժողովի անդամներից երեքն ասել են, որ ընտրախախտման փորձ է եղել, իսկ հանձնաժողովի մյուս անդամները հերքել են: Հակասող ցուցմունքների պարագայում չի հաստատվել տեղեկությունը, որ եղել են լցոնումներ»:

Լուսինե Բարսեղյանը, սակայն, այսօր էլ պնդեց, թե ընտրախախտումները բացահայտ էին. - «Մի քանի հոգով մտնում էին, բաց քվեարկում, քվեաթերթիկը ցույց տալիս իրենց թաղային թափթփուկներին, նոր գցում էին քվեատուփի մեջ»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG