Մատչելիության հղումներ

Քոնդոլիզա Ռայս. «Հենց ազատեմ պաշտոնը` շոփինգի կգնամ»


Արեւմտյան Ավստրալիա նահանգի մայրաքաղաք Փերթը ներկայումս տնտեսական վերելք է ապրում, այստեղ իրենց խանութներն են բացել Gucci, Louis Vuitton, Bally եւ շքեղ, թանկ ու բարձրաճաշակ արտադրանքով հայտնի տասնյակ այլ ընկերություններ:

Փերթ կատարած այցի ընթացքում Ռայսին ուղեկցում էր Ավստրալիայի արտգործնախարար Սթիվեն Սմիթը: Անսալով ավստրալացի գործընկերոջ խնդրանքին, Ռայսը համաձայնել է այցելել Փերթի օրիորդաց վարժարանը՝ Mercedes College, որտեղ սովորում է Սմիթի դուստրը: Վարժարանում էլ պետքարտուղարը խոսել է շոփինգի մասին:

«Սիրում եմ գնալ խանութներ, նույնիսկ եթե որեւէ բան չեմ գնում: Երբ ազատեմ պաշտոնը եւ վերադառնամ Կալիֆորնիա, նորից կսկսեմ շոփինգով զբաղվել, շատ հաճելի ժամանց է», - ասել է Քոնդոլիզա Ռայսը:

Պետքարտուղարը նաեւ հայտնել է, որ ամեն օր վաղ առավոտյան մարզանք է անում: Նա հորդորել է Mercedes College-ի աղջիկներին անպայման հետեւել առողջ ապրելակերպի կանոններին եւ, բացի այդ, սովորել օտար լեզու:

«Առաջին անգամ երբ լսեցի ռուսերեն` կարծես անմիջապես սիրահարվեցի», - ասել է Ռայսը, ով ռուսերենից զատ սովորել է նաեւ գերմաներեն, ֆրանսերեն եւ իսպաներեն:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ պետքարտուղարին հերթական անգամ հարցել են, թե արդյոք նա չի՞ ցանկանա երբեւէ առաջադրվել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում:

«Ես իսկապես այն մարդկանցից չեմ, ովքեր ցանկանում են ընտրված պաշտոնյա լինել, դա ինձ համար չէ», - արձագանքել է Քոնդոլիզա Ռայսը, ով վերջերս հայտնել էր, որ Պետդեպարտամենտից հեռանալուց հետո կնախընտրի վերստին զբաղվել գիտությամբ:

ԱՄՆ-ի պետքարտուղարը Ավստրալիայից մեկնել է Նոր Զելանդիա, որտեղից էլ վերադառնալու է Վաշինգտոն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG