Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպեց դպրոցականների հետ


«Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ը այս ամառ Ծաղկաձորում հավաքել է մոտ 100 աշակերտ Հայաստանի տարբեր մարզերի միջնակարգ դպրոցներից: Այս բոլոր աշակերտները դպրոցներում տեսական գիտելիքներ են ստացել «տնտեսագիտություն» ու «քաղաքացիական կրթություն» առարկայից: Հիմա էլ հավաքվել են ճամբարում դասագրքերից իրենց ստացած տեսական գիտելիքները գործնականի վերածելու համար:

Աշակերտները ճամբարում անցկացրել են ընդամենը 3 օր ու արդեն հասցրել են ստեղծել ճամբար-պետություն, ընտրել են նախագահ եւ ձեւավորել կառավարություն: Ինձ հաջողվեց զրուցել ճամբար-պետություն կրթության նախարար Արաքս Մանուչարյանի հետ:

«Ստեղծեցինք շտաբ, անցկացրինք քարոզարշավ, նույնիսկ հանրահավաքներ ենք արել: Արդեն ունենք պատրաստ կառավարություն` 9 նախարարներով. յուրաքանչյուրը ունի ճամբարում իր գործունեության ոլորտը»:

Այսօր ճամբարի կառավարության անդամների եւ պետության բոլոր քաղաքացիների հետ հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը` որպես զրույցի սկիզբ, աշակերտներին ներկայացրեց այն գաղափարախոսությունը, որը ընկած է նորաստեղծ կառավարության հիմքում:

«Այդ գաղափարախոսությունը կառուցված է ժամանակակից աշխարհի մի քանի կարեւոր առանձնահատկությունների վրա, որոնց ճիշտ ընկալման հիման վրա մենք պարտավոր ենք կառուցել մեր ժողովրդի ապագան», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Որպես առաջին առանձնահատկություն վարչապետը նշեց, որ աշխարհը շատ արագ փոքրանում է, բոլորի հոգսերը դառնում են մեր անձնականը եւ մեր հոգսերը դառնում են բոլորինը: Հաջորդ առանձնահատկությունը այն է, որ փոփոխությունները մեր կյանքում արագ բնույթ են ստացել ու երիտասարդները պիտի կարողանան ճիշտ կողմնորոշվել արագ փոփոխվող աշխարհում:

Տիգրան Սարգսյանը շարունակելով ասաց, որ ժամանակակից աշխարհում հաջողություններ ունենալու համար ՀՀ կառավարությունը պիտի ստեղծի բարենպաստ պայմաններ անհատների ինքնադրսեւորման ու ինքնաարտահայտման համար:

«Այս նոր գաղափարախոսության հիման վրա մենք կառուցում ենք այն ծրագրերը, որ իրականացնում ենք բոլոր ոլորտներում, կլինի դա մշակույթ, տնտեսություն, թե քաղաքական բարեփոխումներ», - ամփոփեց ՀՀ վարչապետը:

Այնուհետեւ վարչապետը պատասխանեց աշակերտներ հարցերին:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG