Մատչելիության հղումներ

«Արդարություն եւ զարգացում»-ը նշում է խորհրդարանական ընտրություններում հաղթանակի մեկ տարին


Մեկ տարի առաջ՝ 2007 թվականի հուլիսի 22-ին «Արդարություն եւ զարգացում» (Adalet ve Kalkinma) կուսակցությունը հաղթանակ տարավ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում` ստանալով ընտրողների 46,6 տոկոսի քվեները եւ ապահովելով 341 տեղ Թուրքիայի 550-տեղանոց խորհրդարանում՝ Ազգային մեծ ժողովում:

Կուսակցությունը ավելի լավ արդյունք էր գրանցել նախորդ՝ 2002 թվականի ընտրությունների համեմատությամբ, թեպետ սոսկ ընտրական կանոնակարգից բխող հանգամանքների արդյունքում խորհրդարանում ավելի քիչ թվով տեղեր էր ստացել:

Այս տարվա մարտի 14-ին Թուրքիայի գլխավոր դատախազ Մուսթաֆա Օզիուրեքը պաշտոնապես հայց ներկայացրեց Սահմանադրական դատարան` պնդելով, որ «Արդարություն եւ զարգացում»-ը հետապնդում է իսլամական գաղտնի օրակարգ, որն ուղղված է պետության աշխարհիկ սկզբունքի դեմ, եւ պահանջելով արգելել կուսակցության գործունեությունը:

«Արդարություն եւ զարգացում»-ը հավատացնում է, որ ոչ մի գաղտնի օրակարգ չունի: Վարչապետ Էրդողանը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ով նախկինում արտգործնախարարի պաշտոնն է զբաղեցրել, պնդում են, որ Սահմանադրական դատարանում ընթացող լսումները վնաս են հասցնում երկրի վարկին եւ տնտեսությանը, վանում են օտարերկրյա ներդրողներին եւ անորոշություն են ստեղծում:

Անցած չորեքշաբթի օրը Սահմանադրական դատարանի անդամ Օսման Ջանը, ով այս գործով զեկույց է պատրաստում, ասել է, թե հարկ չէ արգելել կուսակցությունը, ինչը ենթադրում է, որ «Արդարություն եւ զարգացում»-ը, ամենայն հավանականությամբ, կխուսափի օրենքից դուրս հայտարարվելուց:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG