Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Հնարավոր չէ խոսել Հայաստանում ժողովրդավարության նախկին թափի վերականգնման մասին»


Հայաստանի իշխանությունները մարտի 1-2-ի ողբերգության վերքերը ապաքինելուն ուղղված որոշ դրական քայլեր կատարել են, սակայն մի շարք հարցեր մինչեւ հիմա լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան:

«Մասնավորապես, Միացյալ Նահանգները մտահոգված է, որ մինչեւ հիմա կան քաղաքական մեղադրանքների կամ ենթադրյալ հանցագործությունների համար կալանավորվածներ, ամբողջությամբ չի վերականգնվել ազատ կերպով ցույցեր եւ երթեր անցկացնելու մարդկանց իրավունքը, մեզ նաեւ մտահոգում է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առկա անջրպետը: Դրական քայլերից, անշուշտ, կարելի է նշել այն, որ ընդդիմությանը ավելի շատ տեղ է հատկացվում հանրային հեռուստատեսության եթերում, հուսով ենք, որ այդ շատ դրական քայլը այսուհետ ավելի կանոնակարգված կլինի: Մենք ուրախ ենք, որ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովն աշխատում է: Թերեւս ավելի լավ կլիներ, եթե ընդդիմությունը մասնակցեր այդ հետաքննությանը եւ, հուսով ենք, կառավարությանը կհաջողվի համոզել ընդդիմությանը` միանալ այդ աշխատանքներին», - հայտարարեց ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Ապրիլի 9-ին` Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում Մեթյու Բրայզան նշել էր, թե մարտի 1-ի իրադարձությունները աննախադեպ էին, եւ դրամատիկ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում վերականգնվի վստահությունը, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100-րդ օրը Մեթյու Բրայզան դժվարացավ դրանք դրամատիկ գնահատել. - «Չեմ կարծում, թե Հայաստանը հիմա դրամատիկ փոփոխությունների փուլում է, բայց որոշ դրական փոփոխությունների ականատեսը դառնում ենք, ուղղությունը փոխվել է, եւ դա շատ ավելի լավ է: Ինչպես արդեն նշեցի, հունիս-հուլիսին ընդդմությանը հաջողվեց մի քանի հանրահավաք անցկացնել, որոնց իշխանությունը չփորձեց միջամտել: Բացի այդ, առաջընթաց է նկատվում նաեւ տնտեսական բարեփոխումների ոլորտում. մաքսային, հարկային վարչարարություն, ընդհանրապես` տնտեսությունում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված քայլեր: Սրանք կարեւոր քայլեր են, միգուցե` ոչ դրամատիկ, սակայն գործընթացի թափն ու շարունակականությունը պահպանելու տպավորություն ստեղծող»:

Այդուամենայնիվ, կարելի՞ է ասել, որ Հայաստանը վերադառնում է ժողովրդավարության ուղի, որից շեղվել էր նախագահական ընտրություններից եւ դրանց հետեւած ողբերգական իրադարձություններից հետո: «Ինձ թվում է, նախագահ Սարգսյանը հասկանում է երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, եւ թե որ խնդիրներն են ավելի շատ աշխատանք պահանջում: Մենք տեսել ենք որոշ ուղղություններով նրա կատարած քայլերը եւ բարձր ենք գնահատում դրանք: Նույնը կարելի է ասել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին», - ասաց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը:

Նրա խոսքով` ամենահոռետես փորձագետներն ու վերլուծաբանները Հայաստանում կարող են ասել, թե Սերժ Սարգսյանը ոչինչ չի անում եւ անհրաժեշտ է իրական առաջընթաց: «Այստեղ` Վաշինգտոնում մեզ ամենից շատ, թերեւս, մտահոգում են մարտի 1-2-ի իրադարձությունների համար մեղադրվող ընդդիմադիր ակտիվիստների դատավարությունները, հատկապես` ներկայացվող ապացույցները, որոնք, հաճախ, պարզապես համոզիչ չեն: Եվ իհարկե, մեզ անհանգստացնում է ձերբակալված քաղաքական գործիչների եւ նրանց կողմնակիցների քանակը: Հենց այս խնդիրների պատճառով էլ հնարավոր չէ խոսել Հայաստանում ժողովրդավարության նախկին թափի վերականգնման մասին», - փաստեց ամերիկացի դիվանագետը:

Ավելին, ասում է Մեթյու Բրայզան, հենց այս մտահոգությունների պատճառով էլ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան առայժմ չի շտապում վերականգնել շուրջ 236 միլիոն դոլարի ծրագիրը: Ըստ նրա, կորպորացիայի տնօրենների խորհուրդը շարունակում է ուշադիր հետեւել հայաստանյան զարգացումներին եւ այս հարցին կրկին անդրադառնալու է սեպտեմբերին. այդ ժամանակ էլ պարզ կդառնա` շարունակվելո՞ւ է ծրագրի իրականացումը, թե՞ վերջնականապես դադարեցվելու է:

Օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Մեթյու Բրայզան խոսել էր նաեւ հայ - թուրքական հարաբերությունների եւ դրանց բարելավման ուղղությամբ Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած առաջարկությունների մասին, շեշտելով, թե երկկողմ հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքեր գործադրում են ե’ւ Երեւանը, ե’ւ Անկարան:

«Նախագահ Սարգսյանը խիզախ քայլ կատարեց` նախագահ Գյուլին Երեւան հրավիրելով եւ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին խոսելով, ինչի համար քննադատության արժանացավ քաղաքական գործիչների կողմից, այդ թվում նրանց, ովքեր երկու տարի առաջ նույն քայլերն էին առաջարկում կատարել: Եթե այդ առաջարկները կարեւոր էին այն ժամանակ, ապա ինչո՞ւ հիմա կորցրին իրենց կարեւորությունը: Իհարկե, ես չեմ կարող խոսել նախագահ Գյուլի կամ Թուրքիայի կառավարության անունից, սակայն Միացյալ Նահանգները հուսով է, որ Գյուլը կօգտվի այդ ոսկյա հնարավորությունից», - ասել էր Մեթյու Բրայզան:


Էմիլ Դանիելյան եւ Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG