Մատչելիության հղումներ

Ռուսաստանը անհանգստացած է «Ծովային զեփյուռ - 2008» զորավարժություններով


Ռուսաստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել «Ծովային զեփյուռ - 2008» զորավարժությունների կապակցությամբ, որ ՆԱՏՕ-ն այս շաբաթվա սկզբից անցկացնում է Ուկրաինայում:

«Զորավարժությունների բնույթը, դրանք որպես հակառուսական ներկայացնելու փորձերը եւ դրանց արտատարածաշրջանային տերությունների մասնակցությունը անխուսափելիորեն հարցեր է բարձրացնում եւ որոշակի անհանգստություն է հարուցում», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարության երեկվա հայտարարությունում:

«Ինչո՞ւ է այդ զորավարժությունների կասկածելի նպատակներին հասնելու համար ընտրվել հենց Սեւ ծովի ավազանը: Պետք է կարծել, որ սեւծովյան երկրները ի վիճակի են ինքնուրույն, առանց դրսից «հայրական» միջամտության, լուծել Սեւ ծովում անվտանգության եւ կայունության ապահովման խնդիրները` հենվելով այստեղ արդեն գոյություն ունեցող փոխգործողության մեխանիզմների վրա», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը` հավելելով. - «[Տեղական բնակչության»] բողոքի զանգվածային գործողությունները զորավարժությունների դեմ արտացոլում են Ուկրաինայի հասարակական կարծիքում առկա տրամադրությունները` կապված [Հյուսիսատլանտյան] դաշինքին արագացված կերպով անդամակցելու` ուկրաինական ներկայիս վարչակազմի ուղեգծի հետ, որը չի նպաստում Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը»:

«Ծովային զեփյուռ - 2008» զորավարժությունները սկսվել են հուլիսի 14-ին եւ կանցկացվեն մինչեւ հուլիսի 26-ը Օդեսայի եւ Նիկոլաեւի շրջաններում, ինչպես նաեւ Ղրիմում: Դրանց մասնակցում են զինվորականներ ՆԱՏՕ-ի եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամ մի շարք երկրներից, այդ թվում Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, Հունաստանից, Դանիայից, Կանադայից, Լատվիայից, Մակեդոնիայից, Թուրքիայից, Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` Հայաստանից զորավարժություններին մասնակցում է երեք սպա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG