Մատչելիության հղումներ

«Հայաստանի նախագահը «ֆուտբոլային դիվանագիտության» օգնությամբ ցանկանում է բարելավել հայ-թուրքական հարաբերութունները»


«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային դիվանագիտության» օգնությամբ ցանկանում է բարելավել հայ-թուրքական հարաբերությունները», - գրում է «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Բրայան Ուիթմորը:

Անդրադառնալով հունիսի 23-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հնչեցրած նախաձեռնությանը` Աբդուլա Գյուլին Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու հրավերին, Ուիթմորն այն նմանեցնում է անցած դարի 70-ականների սկզբին` Չինաստանի եւ Միացալ Նահանգների հարաբերությունների աստիճանական բարելավման գործընթացին. այն մեկնարկեց երկու պետությունների սեղանի թենիսի հավաքականների հանդիպումների անցկացումով` ստանալով «պինգ-պոնգային դիվանագիտություն» անվանումը:

Վերլուծաբանների ուշադրությունից, սակայն, չի վրիպում այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունները հնչեցին Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում, այն էլ` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Lավրովի` Թուրքիա կատարելիք այցից մի քանի օր առաջ:

Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախկին անդամ, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը չի բացառում, որ պաշտոնական Մոսկվան որոշել է խախտել տարիների ընթացքում ձեւավորված այն վիճակը, երբ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը ամերիկացի դիվանագետների օրակարգում էր:

«Ռուսական դիվանագիտությունն այսօր խնդիր ունի` ամերիկացիների ձեռքից խլել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախաձեռնությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովհաննիսյանը:

Գրեթե նույն տեսակետին է Վաշինգտոնում գործող Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի թուրքական ծրագրերի տնօրեն Բյուլենթ Ալիրիզան, որի համոզմամբ` այսօր պաշտոնական Մոսկվան դեմ չէ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների ջերմացմանը. - «Մոսկվան լավ հարաբերություններ է զարգացրել Անկարայի հետ եւ պատրաստ է շարունակել նույն ոգով` առանց բարդությունների բախվելու, բարդություններ, որոնք կարող են ի հայտ գալ Ռուսաստանի` Երեւանին ցուցաբերած աջակցության փաստից»:

Իսկ Հայաստանի մայրաքաղաքում գործող Lրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը խորհուրդ է տալիս չմոռանալ տարածաշրջանում առկա ռուսական գործարար շահերի մասին. - «Եթե ճանապարհը դեպի Թուրքիա բացվի, եթե հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, Հայաստանում գտնվող ռուսական կապիտալը կարող է օգտվել դրանից` դուրս գալով հարեւան թուրքական շուկա: Սա պետք է հաշվի առնել, քանի որ ռուսական ներդրումների ծավալը Հայաստանում բավական մեծ է: Բացի այդ, սահմանի բացումը կընդլայնի մերձավորարեւելյան եւ հարավեվրոպական շուկա դուրս գալու [ռուսական ընկերությունների] հնարավորությունները»:

Իսկանդարյանը նաեւ չի բացառում, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարին Ռուսաստանը սկսել է ըմբռնումով մոտենալ` տարածաշրջանում իրավիճակի փոփոխության պատճառով. - «Քանի դեռ Հարավային Կովկասում Ռուսաստանն այլ դիրքեր ուներ, պաշտոնական Մոսկվային կարող էր եւ ձեռնտու լինել Հայաստանի նման մեկուսացումը: Այժմ, երբ իրավիճակը փոխվել է, Ռուսաստանի համար ստեղծված կացությունը գուցե այնքան էլ նպաստավոր չէ»:

Վերլուծաբանների մի զգալի մասի կարծիքով, հայ-թուրքական հարաբերություններում առաջնայինը այն խնդիրներն են, որոնց պատճառով երկու պետությունների միջեւ սահմանը շարունակում է փակ մնալ` Lեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու Ցեղասպանության հարցը:

Ստամբուլում գործող վերլուծական կենտրոններից մեկի` Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Հայաստանի բաժնի ղեկավար Օմեր Lյութեմն ասել է. - «Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում իրոք լրջորեն հակված են բանակցությունների, բայց առայժմ փոփոխություն չկա ո'չ Ղարաբաղի հարցում նրանց մոտեցումներում, ո'չ էլ Թուրքիայի տարածքային ամբողջականության [ճանաչման] հարցում»:

«Արդյո՞ք նրանք կհրաժարվեն Ցեղասպանության մասին պնդումներից, թե՞ շարունակելու են պայքարել այդ ուղղությամբ: Արդյո՞ք փոփոխություններ լինելու են: Եթե փոփոխություններ չլինեն, ինչպե՞ս ենք լուծելու այս հարցը», - թուրքական կողմի մտավախություններն ի մի է բերում ստամբուլցի վերլուծաբանը:

Այս պայմաններում դեռ հստակ չէ, թե կընդունի՞ արդյոք Աբդուլա Գյուլը Սերժ Սարգսյանի հրավերը:

Երեկ թուրքական NTV հեռուստաալիքի եթերում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանը հայտարարեց, թե «նման մասնակցությունը կախված կլինի մինչեւ խաղը տեղի ունենալիք զարգացումներից», եւ հավելեց, որ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի արտաքին քաղաքականության լուրջ նպատակներից է»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG