Մատչելիության հղումներ

Կոնգրեսի ենթահանձնաժողովը Հայաստանի համար հաստատեց 52 միլիոն, Ղարաբաղի համար` 8 միլիոն դոլարի օգնություն


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հաջորդ տարվա համար հաստատել է Հայաստանին` 52 միլիոն դոլարի եւ Լեռնային Ղարաբաղին` 8 միլիոն դոլարի օգնություն, ինչպես նաեւ 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն Հայաստանին եւ Ադրբեջանին: Այդ մասին տեղեկացնում են Ամերիկայի հայկական համագումարից:

Փետրվարին ներկայացրած բյուջեի նախագծով նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը առաջարկել էր Հայաստանին տրամադրվելիք օգնության ծավալը 2008 թվականի համեմատ կրճատել մոտ 60 տոկոսով, դարձնելով այն 24 միլիոն դոլար` ընթացիկ տարվա 58 միլիոնի դիմաց: Բացի այդ, վարչակազմի ներկայացրած նախագիծը խախտում էր Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության` 2001 թվականին Կոնգրեսի եւ Սպիտակ տան միջեւ ձեռք բերված համաձայնությամբ պահպանվող հավասարակշռությունը. երկու երկրների համար առաջարկելով հավասարաչափ` 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն, այն, միաժամանակ, նախատեսում էր ռազմական ուսուցման եւ վարժանքների նպատակով Ադրբեջանին տրամադրել 900 հազար, իսկ Հայաստանին` 300 հազար դոլար: Լեռնային Ղարաբաղի համար օգնություն վարչակազմը չէր առաջարկել:

Ներկայացուցիչների պալատի 39 անդամներ` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ջո Նոլենբերգի գլխավորությամբ, հորդորել էին արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարությունը վերանայել օգնության առաջարկվող ծավալները:

Ջո Նոլենբերգը ներկայացրել էր նաեւ փոփոխության նախագիծ, որով առաջարկվում էր ամերիկյան ռազմական օգնությունից զրկել Ադրբեջանին` հաշվի առնելով այդ երկրի ղեկավարության ռազմաշունչ հռետորաբանությունը: Այդուհանդերձ, փոփոխությունը ենթահանձնաժողովը մերժել է:

Ամերիկայի հայկական համագումարը եւ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը բարձր են գնահատել ենթահանձնաժողովի անդամների աշխատանքը` առանձնապես կարեւորելով Ջո Նոլենբերգի ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG