Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը եւ Ջոն Դանիլովիչը քննարկել են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի վերսկսման հետ կապված հարցեր


Ամբողջական ծավալով «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերսկսման հետ կապված հարցերն են քննարկվել կորպորացիայի տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչի հետ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` երեկ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է կորպորացիայի ծրագրերի տնտեսական եւ քաղաքական նշանակությունը հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ենթատեքստում:

Նույն աղբյուրի վկայությամբ` դեսպան Դանիլովիչը ասել է, որ կորպորացիայի մասնագետները արդյունավետ են գնահատում Հայաստանում իրականացված համատեղ աշխատանքները, եւ հույս է հայտնել, որ սեպտեմբերին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր խորհուրդը հնարավորություն կունենա վերահաստատել կորպորացիայի չափորոշիչներին Հայաստանի համապատասխանելիությունը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը իր վերջին նիստում որոշում է կայացրել մոտ 17 միլիոն դոլար հատկացնել միջգյուղական ճանապարհների կառուցման վերաբերյալ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ - Հայաստան» կազմակերպության ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով, ինչը, ըստ նրա, ծրագրի շարունակմանը նպաստելու Հայաստանի իշխանությունների հաստատակամության եւս մեկ արտահայտությունն է:

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է նաեւ ԱՄՆ-ի մարդու իրավունքների գծով փոխպետքարտուղար Դեյվիդ Կրամերի հետ: Քննարկվել են Հայաստանում հետընտրական զարգացումների հետեւանքով ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում առաջացած խոչընդոտների հաղթահարմանն ուղղված քայլերը:

Ներկայացնելով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի դրույթների իրականացման նպատակով Հայաստանի իշխանությունների կողմից կատարվող քայլերը` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանի ժողովրդի գիտակցված ընտրությունն է, եւ Հայաստանի ղեկավարությունը վճռական է շարունակել եւ խորացնել այդ գործընթացը ոչ միայն եվրոպական կառույցների առջեւ ստանձնած պարտավորությունների պատճառով կամ բարեկամ երկրների հորդորներով, այլ որովհետեւ դա, առաջին հերթին, բխում է երկրի եւ ժողովրդի շահերից: Վստահեցնելով, որ այդ ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկված, Էդվարդ Նալբանդյանը հավելել է, որ Հայաստանի իշխանությունների գիտակցում են, որ դեռեւս բավական անելիքներ կան, եւ նրանք հաստատակամ են առաջ գնալու այդ ճանապարհով:

Դեյվիդ Կրամերը ասել է, որ Միացյալ Նահանգները` որպես Հայաստանի բարեկամ երկիր, ցանկանում է, որ Հայաստանը շուտափույթ կերպով հաղթահարի առաջացած դժվարությունները եւ հենվելով առավել ամուր հիմքերի վրա` շարունակի իր ժողովրդավարական զարգացումը: Նա հավելել է, որ այդ նպատակով Միացյալ Նահանգները պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին:

Երեքշաբթի օրը Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով է հանդես եկել «Կարնեգի» հիմնադրամում. 1910 թվականին ստեղծված այս հիմնադրամը համարվում է քաղաքականության բանագավառում Վաշինգտոնի ամենահեղինակավոր հաստատությունը:

Իր ելույթում Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է, մասնավորապես, հայ-ամերիկյան հարաբերություններին, Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովման հարցերին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ հայ-թուրքական հարաբերություններին: Այնուհետեւ արտգործնախարարը պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքականություն տարբեր ոլորտներին վերաբերող բազմաթիվ հարցերի:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելել է ԱՄՆ-ի Կոնգրես, ուր հանդիպել է Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջոզեֆ Նոլենբերգի եւ հանձնախմբի անդամների հետ:

Շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին իրենց բազմամյա հայանպաստ գործունեության համար` արտգործնախարարը կարեւորել է հանձնախմբի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:

Կոնգրեսականները ներկայացրել են հանձնախմբի աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը եւ նշել, որ իրենց համարում են հայ ժողովրդի բարեկամ եւ շարունակելու են իրենց գործունեությունը ի նպաստ հայ ժողովրդի եւ Հայաստանի:

Էդվարդ Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմատենչ քարոզչությանը, ինչպես նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանն ակնհայտորեն խախտում է սպառազինությունների սահմանափակման միջազգային պայմանագրերը, մասնավորապես` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթները, ինչը անհրաժեշտ ուշադրության չի արժանանում միջազգային հանրության կողմից:

Նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:


(Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տրամադրած լուսանկարում` Էդվարդ Նալբանդյան եւ Ջոն Դանիլովիչ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG