Մատչելիության հղումներ

Կբարձրանա Հայաստան մատակարարվող գազի սակագինը


«ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը այսօր հաստատեց, որ իր եւ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի` երեկ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան մատակարարվող գազի սակագնի հարցում:

Կարապետյանը չհրապարակեց նոր սակագինը, որը գործելու է 2009 թվականի հունվարի 1-ից: Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում սակագինը հրաժարվեց հրապարակել նաեւ Ալեքսել Միլլերի մամլո քարտուղար Սերգեյ Կուպրիյանովը` նշելով սոսկ, թե նոր գինը որոշելիս «հաշվի են առնվել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները»:

Կարեն Կարապետյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Գների թանկացում լինելու է, բայց բոլորի համար շատ հաճելի: Նաեւ հասկանալի է լինելու, որ մեր երկրի ներսում գները լինելու են շատ մրցունակ: Դոտացիա [պետության կողմից] չի լինելու, բայց գները լինելու են շատ մատչելի, հասկանալի եւ տրամաբանական»:

Նա նաեւ համոզմունք հայտնեց, թե գազի գնի բարձրացումը սպառման վրա բացասական ազդեցություն չի ունենա, ավելին` սպառումը կաճի:

Դեռ ապրիլին ռուսաստանյան մամուլում հրապարակումներ հայտնվեցին, թե «Գազպրոմ»-ը պատրաստվում է 2009-ի հունվարի 1-ից 50 տոկոսով բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը` հասցնելով 165 դոլարի 1000 խորանարդ մետրի դիմաց:

Խնդիրը քննարկվել էր նաեւ հունիսի վերջին Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ:


Ազա Բաբայան, Մոսկվա եւ Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG