Մատչելիության հղումներ

Հայաստանից երեք սպաներ մասնակցում են «Ծովային զեփյուռ - 2008» զորավարժություններին


Չնայած բողոքի ակցիաներին` այսօր Ուկրաինայում սկսվել են «Ծովային զեփուռ - 2008» երկշաբաթյա զորավարժությունները, որոնց մասնակցում են զինծառայողներ Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, Հունաստանից, Դանիայից, Կանադայից, Լատվիայից, Մակեդոնիայից, Թուրքիայից, Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից եւ այլ երկրներից:

«Հայաստանից այդ զորավարժություններին մասնակցում է երեք սպա՝ թիկունքի, ավիացիայի եւ օպերատիվ գծով, բոլորն էլ ընդգրկված են զորավարժության ղեկավարման օղակում», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` բազմազգ զորավարժությունների նպատակը խաղաղապահ գործողությունների մշակումն է: Զորավարժություններին մասնակցում են մարտական նավեր, ուղղաթիռներ, օդանավեր, տարատեսակ զրահատեխնիկա եւ հետեւակի ստորաբաժանումներ:
Վերլուծաբանները նշում են, որ Ուկրաինայում այս զորավարժությունները համարում եւս մեկ կարեւոր քայլ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու եւ տեսանելի ապագայում անդամակցության հրավեր ապահովելու ուղղությամբ:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ ՆԱՏՕ-ի թեման շատ զգայուն է ուկրաինացիների համար: Ուկրաինայի արեւմտամետ նախագահ Վիկտոր 3ուշչենկոն եւ մյուս ղեկավարները այս տարվա հունվարին Հյուսիսատլանտյան դաշինքին խնդրել են անդամակցության գործողությունների ծրագիր տրամադրել, ինչի հետեւանքով երկրում տեղի են ունեցել բողոքի լայնածավալ ակցիաներ:

ՆԱՏՕ-ն այդ ծրագիրը չի տրամադրել Ուկրաինային, ըստ վերլուծաբանների` մասամբ հաշվի առնելով նաեւ Ռուսաստանի խիստ բացասական վերաբերմունքը Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի հնարավոր անդամակցության նկատմամբ:

«Ռազումկովի կենտրոն» սոցիոլոգիական հետազոտությունների խումբը հունիսին անցկացրել է հարցում, որի արդյունքների համաձայն` ուկրաինացիների 60 տոկոսը դեմ է ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարին. փետրվարին նրանց թիվը 53 տոկոս էր: Անդամակցության կողմնակիցների թիվը չի փոխվել՝ 21 տոկոս:

1997 թվականից սկսած «Ծովային զեփյուռ» զորավարժությունները տեղի են ունենում ամեն տարի: 2006 թվականին Ուկրաինայում նախատեսված զորավարժությունները չեղյալ են հայտարարվել, քանի որ հազարավոր մարդիկ բողոքի երթեր եւ ցույցեր են անցկացրել եւ գործնականում խափանել են զորավարժությունների նախապատրաստման նպատակով Ուկրաինա ժամանած ամերիկյան ծովային ստորաբաժանումների տեղակայումը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG