Մատչելիության հղումներ

Երեւանում է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը


Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ եռօրյա այցով ժամանեց Երեւան:

Կիրակի օրը Երեւանում Եվրոպայի խորհրդի ներկայացուցչությունում մարդու իրավունքների հանձնակատարը Թոմաս Համմարբերգը հանդիպեց մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փաստաբանների, ինչպես նաեւ հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված քաղաքական գործիչների հարազատների հետ:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մանրամասն իրազեկել են Թոմաս Համմարբերգին Հայաստան կատարած իր վերջին այցից հետո երկրում տիրող իրավիճակի, մարտի 1-ի իրադարձությունների, դատական ու քննչական գործողությունների մասին:

Այն պահին, երբ Եվրախորհրդի ներկայացուցչության շենքում մարդու իրավունքների հանձնակատարի հանդիպումներն էին տեղի ունենում, շենքից դուրս շուրջ հինգ տասնյակ մարդ «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառներով ցույց էր անցկացնում:

Կարապետ Ռուբինյանը, ով Համմարբերգի հետ հանդիպել էր որպես «Քաղբանտարկյալների կոմիտեի» ներկայացուցիչ, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ մարդու իրավունքների հանձնակատարին նախ ասել են, թե «այս պիկետը ձեր դեմ չէ, ձեզ օժանդակելու համար է, ձեր նախորդ զեկույցը գիտենք, շատ սկզբունքային էր, եւ մենք պահանջում ենք, որ նույն սկզբունքայնությունից հետ չկանգնեք»:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Պարոն Համմարբերգը մի կարեւոր հայտարարություն արեց, որ իր զեկույցից հետո, որը կլինի սեպտեմբերին, կա հավանականություն, որ որոշակի դեպքերում Հայաստանը ձայնից կարող է զրկվել նաեւ սեպտեմբերին: Այսինքն, նման խնդիր գոյություն ունի, նման հավանականություն կա: Եվ ինքը մեզ հավաստիացրեց, որ ինքը կլինի ազնիվ եւ ինչ որ լսել է, ինչ որ տեսել է, օբյեկտիվորեն կներկայացնի իր զեկույցում»:

Հանդիպումների մասնակիցներից ոմանք նաեւ իրենց դժգոհությունն են հայտնել, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պահանջները կատարելու ժամկետը երկարաձգվել է:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն առանձին հանդիպեց Փաստաբանական պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի հետ, ով զրույցի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ չփոխանցեց: Ավելի ուշ փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Ամալյա Ավագյանը, ինչպես նաեւ Իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Արմեն Խաչատրյանը Թոմաս Համմարբերգին որոշ տեղեկություններ են հայտնել հետընտրական շրջանում հարուցված քրեական գործերի մասին:

Մասնավորապես, Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Հիմնականում ներկայացվեց [Քրեական օրենսգրքի] 316 («Իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելը»), 225 («Զանգվածային անկարգությունները») եւ 300 («Պետական իշխանությունը յուրացնելը») հոդվածները, թե ինչ ապացույցներ կան, եւ ներկայացվեց, որ հիմնականում առանց ապացույցների անձինք դատվում են: Տպավորությունը շատ լավ էր, որովհետեւ երեւում էր, որ քաջ տիրապետում է ստեղծված իրավիճակին եւ մարդու իրավունքները իրականում առաջնային են իր համար: Մեծ հույսեր ունենք, որ նրա հանդիպումից հետո Հայաստանում միգուցե ինչ-որ բան կփոխվի»:

Երեկոյան Եվրախորհրդի հանձնակատարը հանդիպեց կալանավորված եւ ընդհատակում գտնվող քաղաքական գործիչների կանանց հետ:

«Կարծում եմ, առաջին անգամ մենք խոսեցինք ընդհատակում գտնվողների մասին, որ մարտի 1-ից հետո երեւի մոտավորապես 500 հոգի գտնվում է ընդհատակում` Ազգային ժողովի պատգամավոր, թերթի խմբագիր, կուսակցության նախագահ, եւ նաեւ առանձնացրինք [ՀՀՇ-ի վարչության փոխնախագահ] Անդրանիկ Հովակիմյանին, ով ընդհատակում բուժում չկարողացավ ստանալ ու մահացավ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Պահպանողական կուսակցության նախագահ` ներկայումս ընդհատակում գտնվող Միքայել Հայրապետյանի կինը` Սյուզի Հայրապետյանը:

Հայոց համազգային շարժման ղեկավար անդամ` հետընտրական շրջանում կալանավորված Գրիգոր Ոսկերչյանի կնոջ` Մարինե Հարությունյանի վկայությամբ, Թոմաս Համմարբերգը խորհուրդ է տվել դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Մենք անպայման այդ խորհրդին կհետեւենք», - վստահեցրեց Մարինե Հարությունյանը:

Երեկ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպում է ունեցել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ, այսօր արդեն կայացել են հանդիպումներ Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի նախկին թեկնածու, Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամների, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ:

Նախատեսված են նաեւ հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանի եւ կառավարության ղեկավար անդամների, գլխավոր դատախազի հետ, այցելություն կալանավայրեր:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG