Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ը այսօր վերատպել է «Հյուրիեթ» թերթի հոդվածը, որի հեղինակ Ֆաթիհ Չեքիրգեն կարծիք է հայտնում. - «Տարիներ շարունակ գրում եմ: Բաց արեք այդ սահմանը: Հանգիստ թողեք, մի' զբաղվեք այդ Հայաստանով: Եթե դռները բացեք եւ բոլորն էլ այստեղ գան, Ստամբուլում կկորչեն: Ինչի՞ց եք վախենում: Ինչո՞ւ եք փակում սահմանները: Ահավասիկ հրավերը եկավ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախագահ Գյուլին հրավիրեց Հայաստան - Թուրքիա հանդիպմանը… Իմ իմացած Աբդուլա Գյուլը կգնա այդ խաղին: Եվ եթե գնաց, ապա անկախ հանդիպման արդյունքից, հանդիպմանը կհաղթի խաղաղությունը: Դա կլինի Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի հաղթանակը: Կհաղթեն Կարսը, Երեւանը, Բաքուն, իսկ վախը կպարտվի»:

«Օգոստոսին Համաժողովրդական շարժումը նոր թափ է հավաքելու, եւ բողոքի ալիքը պետք է բավականաչափ հզոր լինի` վարչակարգին կործանիչ հարված հասցնելու համար», - գրում է այսօր «Ժամանակ Երեւան»-ը: - «Ընդդիմության կողմից պետք է պիտանի համարվի խաղաղ պայքարի ցանկացած միջոց. հանրահավաքներ, երթեր, պիկետներ, նստացույցեր, քարոզչական նյութերի տարածում, գործադուլ, դասադուլ եւ այլն: Հարկ եղած դեպքում հնարավոր է նաեւ դիմել քաղաքացիական անհնազանդության առավել կտրուկ արտահայտությունների: Կարելի է հիշել. օրինակ, որ դեռեւս ավելի քան երկու դար առաջ Ամերիկայի անկախության համար պայքարը սկսվեց նրանով, որ ամերիկացիները հրաժարվեցին բրիտանական միապետությանը հարկեր վճարելուց` քանի որ բրիտանական խորհրդարանում ներկայացված չէին: Այժմ զուգահեռ անցկացնելը տեղին է, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքացիները նույնպես ներկայացված չեն իշխանության մարմիններում` բոլոր մակարդակների ընտրությունների կեղծման պատճառով»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից Թուրքիա արտահանումը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է ավելի քան երկու անգամ եւ կազմել ընդամենը 718 հազար դոլար: Իսկ ահա Թուրքիայից Հայաստան ներկրումը ավելացել է ավելի քան 2 անգամ` կազմելով 74 միլիոն դոլար: Այլ կերպ ասած, Հայաստանը Թուրքիայից ներկրում է հարյուր անգամ ավելի շատ ապրանք, քան արտահանում է: Փորձը ցույց է տալիս, որ որքան այս իշխանությունը դեմքի հնարավորինս լուրջ արտահայտությամբ խոսում է մրցակցության, մրցունակության, արտահանման խթանման ու էլի այլ բաների մասին, այնքան ստացվում է ճիշտ հակառակ պատկերը»:

«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը «Հայք»-ին տված հարցազրույցում ասում է. - «Միանշանակ է, որ պետք է ազատ արձակվեն մարտի 1-ի դեպքերի համար այսօր մեղադրվող անձինք: Իմ կարծիքն է` նախաքննությունը ուրիշ ուղղությամբ է ընթանում: Ապագա բախումներից խուսափելու համար պետք է պահպանվի օբյեկտիվությունը: Այսպես շարունակվելու դեպքում բախումներն անխուսափելի են: Մի փոքր ավելի, մի փոքր պակաս մարտի 1-ից: Կարծում եմ, առճակատումը նույնիսկ ավելի մեծ կլինի, քան եղավ մարտի 1-ին, հետո էլ փնտրելու, մտածելու ենք, թե ով էր կազմակերպիչը… Շատ արագ, մինչեւ սեպտեմբեր պետք է փոխվեն մոտեցումները, եւ ընդդիմությունն ու իշխանությունը նստեն բանակցությունների սեղանին»:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, անդրադառնալով հրապարակված այն լուրերին, ըստ որոնց իր որդու հարսանյաց հանդեսի վրա ծախսված գումարների չափի մասին շրջանառվում են տարբեր տվյալներ` ընդհուպ մի քանի միլիոն դոլար, «Առավոտ»-ին ասել է. - «Թվերի կոքին զրոների ավելացնելու մոլուցքը ԶԼՄ-ների համար դարձել է հիվանդագին: Իհարկե, շնորհակալ եմ, որ հարսանյաց հանդեսի մասնակիցների թվաքանակ նշելով` սահմանափակվել են հազարով, իսկ ծախսված գումարը` միլիոններով: Կարող էին, չէ՞, գրել, որ մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ եւ ծախսվել միլիարդավոր դոլարներ»:

Իսկ «Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ կատակում է. - «Այն տեղեկությունները, թե իբր Հակակոռուպցիոն հանձնաժողովի նոր շենքի շինարարությունը իրականացվում է Աղվան Հովսեփյանի որդեւ հարսանիքից հետո հանձնված շշերի փողով, չեն համապատասխանում իրականությանը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG