Մատչելիության հղումներ

ՖԻԴԵ-ի նախագահը առաջարկում է անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի շախմատիստների հանդիպում


Ռուսաստանում լույս տեսնող «Սպորտ-Էքսպրես» մարզական հանդեսի փոխանցմամբ` ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը քննարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի լավագույն շախմատիստների հանդիպում անցկացնելու հնարավորությունը:

Իլյումժինովը «Սպորտ-Էքսպրես»-ի թղթակցին պատմել է Սեուլ կատարած իր այցի մասին, որի ընթացքում Հարավային Կորեայի նախագահ Լին Մեն Բակն առաջարկել է միավորել Հարավային եւ Հյուսիսային Կորեաների շախմատի ֆեդերացիաները: «Ես էլ առաջարկեցի ստեղծել Կորեայի միացյալ հավաքական, որը կմասնակցի Դրեզդենում կայանալիք շախմատի օլիմպիադային: Մենք կտեղադրենք հարյուր խաղատախտակ 44-րդ զուգահեռականին, որտեղ անցնում է երկու պետությունների սահմանը: Լի Մեն Բակը պատրաստ է առաջին խաղատախտակին անել առաջին քայլը», - ասել է Իլյումժինովը եւ հավելել, որ ՖԻԴԵ-ն առաջարկում է նմանօրինակ խաղեր անցկացնել Իսրայելի եւ Պաղեստինի, Մոլդովայի եւ Մերձդնեստրի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի շախմատի հավաքականների միջեւ:

Մոլդովայի եւ Մերձդնեստրի շախմատիստների մասնակցությամբ փառատոնը, ըստ ՖԻԴԵ-ի նախագահի, նախատեսվում է անցկացնել «Շախմատը միավորում է ափերը» խորագրի ներքո, եւ «մրցաշարին կմասնակցեն լավագույն շախմատիստները Դնեստրի աջ եւ ձախ ափերից»: «Կարգախոսը շատ հարմար է նման կարգի բոլոր բարեկամական միջոցառումների համար` անկախ այն բանից, թե որտեղ են դրանք կազմակերպվում: Շախմատը խաղաղության գործիք է», - ընդգծել է Կիրսան Իլյումժինովը:

Հայաստանի եւ Ադրբեջանի շախմատի հավաքականների ընկերական հանդիպման մտահղացումը սոսկ նախնական քննարկման փուլում է: Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ֆաիք Հասանովն ասել է, թե այդօրինակ հանդիպում հնարավոր չէ: «Նման խաղի հնարավորության մասին դեռ անցյալ տարի են խոսել, բայց հայերի հետ հանդիպման մասին խոսք լինել չի կարող: Պետք չէ ամեն ինչ բարդացնել, նույնիսկ եթե ՖԻԴԵ-ի նախագահն է ինչ-որ բան ասում», - հայտարարել է Հասանովը:

Հայաստանը Կիրսան Իլյումժինովի առաջարկին դեռ չի արձագանքել: Երեւանից ստացված տեղեկության համաձայն` ՖԻԴԵ-ի նախագահն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է այցելել Հայաստան, եւ եթե այցի ընթացքում հայաստանցի եւ ադրբեջանցի շախմատիստների ընկերական հանդիպման թեման արծարծվի, ապա հայկական կողմը կներկայացնի իր դիրքորոշումը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG