Մատչելիության հղումներ

Ըստ Համաշխարհային բանկի՝ պարենի գների շեշտակի աճի պատճառը կենսավառելիքն է


Պարենի գների շեշտակի աճի հիմնական պատճառը կենսավառելիքի օգտագործումն է: Նման եզրակացություն է պարունակվում Համաշխարհային բանկի առայժմ չհրապարակված զեկույցում, պնդում է այսօր «Գարդիան» լոնդոնյան թերթը:

Պարբերականի վկայությամբ՝ Համաշխարհային բանկի զեկույցը պատրաստ է եղել դեռ ապրիլին, սակայն չի հրապարակվել՝ անհարմար վիճակի մեջ չդնելու համար ԱՄՆ-ի վարչակազմին եւ նախագահ Ջորջ Բուշին, որոնք պնդում են, թե կենսավառելիքի օգտագործման պատճառով պարենի գները բարձրացել են ընդամենը 3 տոկոսով:

Զեկույցի հեղինակները համոզված են, որ հակառակ Ջորջ Բուշի պնդումների, Չինաստանում եւ Հնդկաստանում պարենի սպառման մեծացումը չէ պարենային ապրանքների համաշխարհային գների ավելացման պատճառը, հաղորդում «Ֆրանսպրես»-ը:

Կենսավառելիքի օգտագործումն աշխարհում աճում է, քանզի տարբեր երկրներ չեն ուզում կախված լինել միայն նավթից եւ գազից, որոնց գները անընդհատ աճում են: Եվրամիությունը ցանկանում է, որպեսզի մինչեւ 2020 թվականը տրանսպորտային միջոցների կողմից օգտագործվող ողջ վառելիքի 10 տոկոսը բաժին հասնի կենսավառելիքին:

Պարենի գների աճի հարցը քննարկվելու է հաջորդ շաբաթ Ճապոնիայում կայանալիք Մեծ ութնյակի գագաթնաժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG