Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվել է Տոկիոյի կինոփառատոնում


Անցած շաբաթ Տոկիոյում` ՄԱԿ-ի փախստականների կինոփառատոնում, ցուցադրվել է հայ լրագրող-կինովավերագրող Կարլա Կարապետյանի «Ճչացողները» փաստագրական ֆիլմը, որը, ինչպես վկայում են կինոփառատոնի մասնակիցները եւ կազմակերպիչները, արժանացել է հատուկ ուշադրության եւ գնահատականների:

Փառատոնի կազմակերպիչը` ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը Հայոց ցեղասպանության մասին կինոնկարն ընդգրկել էր կինոփառատոնի ծրագրում՝ շուրջ 33 միլիոնի հասնող փախստականների ծանր վիճակը աշխարհով մեկ բարձրաձայնելու համար: «Մենք այս տարի ընդգրկել ենք «Ճչացողները» կինոնկարը փառատոնի ծրագրում, քանի որ այն ներկայացնում է ցեղասպանության պատմությունը, ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում Դարֆուրում՝ պատմության աչքերով», - ասել է կինոփառատոնի տնօրեն Կիրիլ Կոնինը:

Հոլիվուդյան աշխարհռչակ կինոդերասանուհի Անջելինա Ջոլին փառատոնին ցուցադրվող ֆիլմերը բարձր գնահատականի է արժանացրել: «Կինոն կարեւոր միջոց է` ներկայացնելու համար աշխարհով մեկ սփռված փախստականների կյանքի տարբեր հանգամանքները, արվեստի այս տեսակը նպաստում է հիմնախնդիրը ավելի լավ ճանաչելուն եւ հասկանալուն», - ասել է Ջոլին:

Փառատոնի մասին պատմող ամերիկյան Business Wire լրատվական ծառայության արվեստի մեկնաբանները այսպես են գնահատել Կարլա Կարապետյանի ֆիլմը. - «Ճչացողները» կինոնկարը բացահայտում է ցեղասպանությունների կրկնության հիմնապատճառները, շարժառիթները՝ ներկայացվում է այս էպիկական չափերի հասնող մարդկային ողբերգության վավերագրությունը՝ Հայկական ցեղասպանություն, հրեական Հոլոքոսթ, Կամբոջայի, Բոսնիայի եւ Ռուանդայի ցեղասպանություններ եւ այսօր դեռ չդադարած մարդկային աղետը Դարֆուրում»:

Գործակալությունը տեղեացնում է նաեւ, որ «Ճչացողները» արդեն իսկ ցուցադրվել է Միացյալ Նահանգների եւ Կանադայի էկրաններին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում, բրիտանական խորհրդարանում եւ Եվրախորհրդարանում: Business Wire-ը հաղորդում է, որ հռչակավոր Sony ընկերությունը թողարկել է «Ճչացողները» ֆիլմը տեսասկավառակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG